Մինչև 2021 թվականի ավարտը ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է փաստաբանների համար ներդնել իրավաբանական սխալից պարտադիր ապահովագրության ինստիտուտը՝ մշակելով չափանիշներ մասնագիտական սխալից առաջացած վնասի հատուցման համար:
Այսօր նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մանրամասնեց, որ այս ինստիտուտը նպատակ է հետապնդում իրավաբանական սխալի դեպքում փոխհատուցել համապատասխան կողմի վնասերը․ «Մենք պաշտպանում ենք մեր քաղաքացիներին, բիզնեսին իրավաբանական սխալից, ինչը ենթադրում է, որ եթե նրանք կրել են վնասներ պետք է հատուկ չափանիշներ լինեն, որ այդ վասը գնահատվի ու փոխհատուցվի»,- նշեց պարոն Քրմոյանը։ Այսօր նա հանդիպեց լրագրողների հետ՝ ներկայացնելով կառավարության նոր ծրագրում արադարադատության ոլորտին առնչվող բարեփոխումները։
Իրավաբան.net-ի լրագրողի հարցերին պատասխանելով՝ փոխնախարարն անդրադարձ կատարեց դատական համակարգում ողջամիտ ժամկետների պահպանմանը, դատաքննությունների թափանցիկությանը և դատարան մտնողների զիննության ինստիտուտին։
Պարոն Քրմոյանն ասում է՝ հաճախ ողջամիտ ժամկետների խախտումները լինում են նաև օբյեկտիվ պատճառներով, քանի որ դատարանները ծանարբեռնված են։ Նա վերջերս քննարկում է ունեցել նախարար Դավիթ Հարությունյանի հետ և որդեգրել են մի սկզբունք, ըստ որի՝ դատավորների թիվը մեխանիկորեն չի ավելացվելու ժամկետների կրճատման համար․ «Դատավորների թիվն ավելացվելու է արդյունավետ դատական համակարգ կառուցելու դեպքում, այսինքն՝ երբ մենք բիզնես պրոցեսները այդտեղ կգույքագրենք, կտեսնենք՝ կատարողական թերթը հանեցինք դատարանների ծանրաբեռնվածությունը, ժամկետները նվազեցին, հատուկ հաշտարարների ինստիտուտը ներդրեցինք կրկին նվազեց։ Պետք է հասկանալ, օրինակ՝ եթե անձը չներկայացավ նիստին՝ ինչպես է արվում, որ նիստերը չհետաձգվեն և այլն։ Երբ մենք համակարգը օպտիմալացնենք, հավատացեք ժամկետներն էապես կնվազեն»,- շեշտեց գերատեսչության ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ նախատեսում են էլեկտրոնային համակարգի ներդրում։
Նաև հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր են նախատեսվում լրագրողների աշխատանքի արդյունավետությունը ապահովելու համար դատարաններում․ հաճախ են դեպքերը, երբ լարգորղների իրավունքներն են խոչընդոտվում, նրանց արգելում են դռնբաց նիստեր լուսաբանել կամ էլ լուսաբանման համար կամայական ժամկետներ են սահմանում․ «Ընդհանուր գաղափարախոսությունը հետևյալն է՝ օրենքի շրջանակներում պետք է լրագրողներին ապահովել հնարավորինս հասանելիություն արդարադատության համակարգում, սա նշանակում է, որ եթե մենք օրենքով արգելք չունենք, մնացած բոլոր ոլորտներում լրագրողներն ազատ են»,- վստահեցնում է պարոն Քրմոյանը։ Նրա խոսքերով՝ այս դաշտում գերատեսչությունը որդեգրել է թափանցիկության ապահովման սկզբունքը։
Դատական համակագում վերջերս խնդիր դարձավ փաստաբանների զննության ենթարկելու հանգամանքը, շատ նիստեր հետաձգվում էին, որովհետև փաստաբանների խոսքերով՝ կարգադրիչների կողմից զննությունը վերածվում էր խուզարկության։ Ինչպե՞ս լուծել այս խնդիրը, հետաքրքրվեցին պարոն Քրմոյանից․ «Եթե խոսում ենք, որ անվտանգության նկատառումները պետք է նվազեն ու անվտանգությունը պետք է ստորադասվի, չի լինելու, այսինքն՝ անվտանգությունը ապահովվելու է և միևնույն ժամանակ հավասար վերաբերմունք պետք է ապահովվի դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ։ Այս առումով բարեփոխումները նախատեսում ենք իրականացնել սերտ համագործակցելով քաղաքացիական հասարակության հետ»։
Կառավարության նոր ծրագրում՝ արդարադատության և մարդու իրավունքների բաժնում անդրադարձ չկա Վարչական իրավախախտումների նոր օրենսգրքին։ Հիշեցնենք՝ սա այն օրենսգիրքն է, որ առ այսօր ունի «ԽՍՀՄ համակարգ», «սոցիալիստական սեփականություն», «սոցիալիստական օրինականություն», «վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրություն» և այլ դրույթներ։ Այս տարվա ապրիլ ամսին կառավարությունը հաստատեց նոր օրենսգրքի նախագիծը, պարոն Քրմոյանը դրանով պատճառաբանեց այն հանգամանքը, որ գործադիրի ծրագրում օրենսգրքին և վարչական խախտումներին առնչվող բաժին չկա։ Հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում պատժի անհամապատասխանության դրույթների վերացման ուղղությամբ, մասնավորապես, երբ վարորդը կայանման համար չի մուծում 100 դրամ, սակայն տուգանվում՝ 50 անգամ ավելի գումարով՝ 5000 դրամով, մյուս կողմից էլ այլ ինստիտուտներում հարկավոր են խստացումներ, օրինակ՝ արագության գերազանցման համար նախատեսված տուգանքներում։
«Վարոդների հետ կապված նախորդ տարի մի շարք քայլեր են իրականացվել։ Նոր վարչական դատավարության օրենսգիրքը շրջանառության մեջ է, քանի որ մշակվել էր, հատուկ անդրադարձ չի կատարվել, բայց այնուհանդերձ այդ օրենսգրքի շրջանակներում մենք պատրաստ ենք դիտարկել բոլոր այն հանգամանքը, որ պատասխանատվությունը համապատասխան լինի զանցանքի բնույթին։ Ես միանշանակ համամիտ եմ, որ անթույլատրելի է շատ մեծ պատասխանատվություն կիրառել, եթե զանցանքի բնույթից չի բխում և մենք այդ ուղղությամբ քայլեր արդեն կատարում ենք»,- հայտնեց նախարարի տեղակալը։
Խոսք գնաց դատավորների կողմից կաշառք ստանալու դեպքերին․ ինչպե՞ս են արդարադատության նախարարությունում պայքարելու նման պաշտոնյաների դեմ․ եղավ հարց՝ հղում անելով Նախագահի ելույթին․ «Պետք է անխուսափելիորեն պատասխանատվություն գործի կոռուպցիոն բոլոր դեպքերի համար, նախատեսել ենք հստակ տարանջատել կոռուպցիոն հանցագործությունները»,- ասաց պարոն Քրմոյանը։
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան