Հոգևորականը՝ Սուրբ Զատկի տոնի խորհրդի և մեռելոցները ոչ աշխատանքային համարելու որոշումների մասին

Սբ․ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Դանիել քահանա Բաղումյանը կողմ է, որ մեռելոցները լինեն՝ ոչ աշխատանքային։ Նա նաև խորհուրդ է տալիս Սուրբ Զատկի տոնի, այսինքն՝ ապրիլի 16-ին չայցելել գերեզմաններ։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի խորհրդի, եկեղեացական ավանդույթների և հանրության շրջանում մշտապես քննարկվող խնդրի՝ մեռելոցները ոչ աշխատանքային համարելու շուրջ ենք զրուցել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորի հետ։

Մանրամասները՝ հարցազրույցում։

– Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի նշվելու է ապրիլի 16-ին։ Ինչ խորհուրդ է այն պարունակում

– Հարության տոնը սկսվել է դեռ 40 օր առաջ, մարդիկ իրենց պատրաստում են պահքով, ավագ շաբաթով։ Մարդիկ ապրիլի 15-ին երեկոյան պետք է եկեղեցի այցելեն։ Ինչպես ամեն մի պատարագի ժամանակ, այնպես էլ այս անգամ նրանք պետք է զղջան իրենց բոլոր գործած մեղքերի համար։ Մարդիկ պետք է մասնակցեն նաև ճրագալույցի պատարագին, որի ընթացքում ամեն մեկս հաղորդություն պետք է ստանանք։ Պատարագի ընթացքում նաև կտրվի Քրիստոսի հարության ավետիսը, հետո ամեն մեկս սուրբ եկեղեցուց հարության ճրագը պետք է տանենք մեր օջախներ, ինչպես նաև սեղան պատրաստենք՝ դրա վրա դնելով ձուկը, փլավը՝ չամիչով, բանջարեղեն, գինի, որոնք այդ սեղանի խորհրդանիշներն են։ Հաջորդ օրը՝ ապրիլի 16-ին հարկավոր է եկեղեցի այցելել, քանի որ հրաշափայլ հարության օրն է, նորից պատարագին մասնակցելու, ուրախանալու համար։

– Մարդիկ սիրում են հավկիթներ ներկել, կոտրել, սա ի՞նչ հիմքեր ունի։

– Սա ժողովրդական սովորություն է, մյուս կողմից հավկիթը երկրագնդի խորհուրդ ունի, մենք գիտենք, որ Քրիստոսն իր արյունով մաքրեց աշխարհը, մենք ձվերը կարմիր ենք ներկում՝ որպես խորհուրդ Քրիստոսի արյան։

– Արդյոք հարության տոնի խորհուրդը ճիշտ է ընկալվում հանրության շուրջ։

– Մեր կյանքում ամենակարևորը հարության հավատքն է։ Պատկերացրեք այս իրավիճակը՝ մենք ապրում ենք մեր ուզած կյանքով, գալիս է մեծ պահքի ընթացքը, մտնում ենք պասի մեջ, սկսում ենք սահմանափակել մեր կյանքը, մեղքեր չգործել, սակայն հարության տոնից հետո նորից սկսում ենք ապրել մեր ուրախ կյանքով՝ մոռանալով, որ պետք է մեղք չգործել։ Մենք ճանապարհ ենք անցնում, դասեր քաղում մեկ-մեկուց, անցնում ենք այդ շրջանը՝ մեզ ավելի կոփելու և հաստատելու հավատքի մեջ։ Հակառակ դեպքում անիմաստ է դառնում խոստովանությունը։ Ասում է՝ երբ մենք նորից մեղք ենք գործում, Քրիստոսին նորից խաչի ենք բարձրացնում։ Ես պետք է անկեղծ ասեմ, որ այսօր մենք ավելի մեծ վերազարթոնք ունենք հոգևոր առումով, ինչը չկար տարիներ առաջ։ Պասը ոչ թե սննդի հետ է կապված, այլ մարքրվելու, խորհուրդը սա է՝ մեղքից զերծ մնալ, մաքուր կյանքով, Աստծո խոսքով ապրել։ Ժամանակին երիտասարդներն ինձ ասում էին, որ նիհարելու կամ այլ բաների համար են պահք պահում, բայց հիմա ավելի շատ հոգևոր պահք են պահում։ Ես նույնպես մշտապես խորհուրդ եմ տալիս, որ ավելի լավ է հոգևոր, քան թե մարմնական պաս պահել։ Քրիստոս ասում է՝ այն ինչ-որ մտնում է մեր մեջ, դա չէ, որ պղծելու է մեզ, այլ այն՝ ինչ մեր միջից պետք է դուրս գա, այսինքն՝ մարդու սիրտն ու հոգին պետք է մաքուր լինի։

– Եկեղեցական տոներին հաջորդում է հանգուցյալներին հարգանքի տուրք մատուցելու արարողությունը, այսպես ասած՝ մեռելոցը։ Ի՞նչ հիմքեր այն ունի։

– Պարզ բացատրեմ՝ մարդը ուրախացավ, ցնծաց, դիմավորց Քրիստոսի հատնությունը, եկեղեցին նրան հնարավորություն է տալիս հոգևոր կյանքի ճանապարհի մեջ ճիշտ քայլել, այսինքն՝ ուրախանալուց հետո հիշել իր անցյալը՝ ննջեցյալին։ Մեռելոցի կարգը հաստատվել է դարեր շարունակ, որ մենք ուրախանալուց հետո մեր մարդ լինելը չմոռանանք, ապրելով այս կյանքում՝ հիշենք հանգուցյալներին։

– Նախորդ տարվանից մեռելոցները ոչ աշխատանքային դարձնելու հանգամանքը բանավեճի առարկա է դառնում, կան ընկերություններ, որ դեմ են այդ մոտեցմանը։ Ձեր կարծիքն է հետաքրքիր՝ ինչո՞ւ պետք է մեռելոցները լինեն ոչ աշխատանքային, արդյոք մարդիկ չեն կարող աշխատանքից հետո գնալ գերեզմաններ։

– Իմ անձնական կարծիքը կասեմ․ երբ աշխատանքային օր էր, մարդկանց համար բարդ էր գերեզմաններ գնալ։ Քրիստոսի ծնունդը նշելուց հետո, ճրագալույցի պատարագին մասնակցելուց հետո մարդիկ մեծամասամբ իրենց օջախ են գնում, որովհետև հարազատները պետք է հավաքվեն՝ ավետիսը փոխանցելու Քրիստոսի աստված հարության։ Մարդն աշխատելով ժամանակ չէր ունենում գնալ գերեզմաններ, ես միշտ գտել եմ, որ պետք է ոչ աշխատանքային լինի այդ օրը, որ մարդը ազատ լինի, գնալ գերեզման, որովհետև շատ գերեզմաններ ունենք, որ անխնամ են, երբ մարդն ազատ է, կարող է գնալ, խունկ ծխել, ինչպես նաև մասնակից պատարագին։ Գտնում եմ՝ ճիշտ չէ, երբ հարության օրն են մարդիկ գերզման գնում, նախկինում, երբ հարությանը հաջորդող օրը աշխատանքային էր, մարդիկ ստիպված հենց հարության օրն էին գնում։

– Երբ ասում էիք՝ ճիշտ չէ, որևէ հիմնավորում կա՞։

– Հոգևոր առումով, երբ Քրիստոսի աստված հատնության ծնունդն է, հրաշափառ հարության օրը գերեզման գնալ, սխալ է, չեմ կարծում, որ մեր ծնունդի օրը կարող է գնանք գերեզմաններ։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել