Ո՞ր դեպքում և ինչպե՞ս է նշանակվում ծերության նպաստ

Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում: Ծերության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ: Ծերության նպաստը նշանակվում է ցմահ:

Ծերության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ ստանալու իրավունք ունի, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է տարածքային բաժին, և նրան նշանակվել է ծերության նպաստ (այսուհետ՝ նաև նպաստառու):

Ծերության նպաստը այդ նպաստի իրավունք ունեցող անձի, իսկ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է տարածքային բաժինը՝ ըստ նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա): Դիմումին կից ներկայացվում են նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները): Ծերության նպաստը նշանակելու դիմումը ներկայացվում է անձամբ:

Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին ծերության նպաստ չի նշանակվում և չի վճարվում: Ծերության նպաստը վճարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով (այդ թվում՝ լիազորագրով):

Ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը ՝65 տարեկանը, լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում: Վերը նշված ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել