Օրենքները պետք է արտահայտեն հասարակության շահը, որպեսզի թղթի վրա չմնան. Կարեն Զադոյան

Անցել են այն ժամանակները, երբ քաղհասարակության ներկայացուցիչները միայն նկատում էին պետական կառույցների գործունեության թերի կողմերը և միայն բարձրաձայնում դրանք: Այժմ ժամանակն է, որ քաղհասարակությունը բարձրացված խնդրի լուծումները նույնպես առաջարկի և ռեսուրսներ ունենալու դեպքում նաև աջակցի պետությանը՝ խնդիրները լուծելու հարցում: Այս մասին այսօր բնապահպանության նախարարի հետ հանդիպմանն ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպման հենց սկզբում հայտարարեց, որ ողջունելի է նման ծրագրերի իրականացումը և պատրաստակամություն հայտնեց համագործակցության: Միևնույն ժամանակ նա նշեց, որ նախարարությունն էլ ձեռնարկել է քայլեր իր գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու և հանրային կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Հանդիպմանը ներկա էին նաև նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը, մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Արթուր Դանիելյանը, իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը: Ներկա էին նաև ծրագիրն իրականացնող Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը և Հայաստանի համայնքների միության ներկայացուցիչ Վահրամ Վարդանյանը, ԻՀԱ-ի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը:

Կարեն Զադոյանը ներկայացնելով ծրագիրն իրականացվում է 6 հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից, որը ղեկավարելու է Իրավաբանների հայկական ասոցիացիան: Ծրագիրն ունենալու է թիրախային 9 ոլորտ, որից երեքն արդեն իսկ հաստատվել են, մյուս ոլորտների վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվում, հանդիպումներ են լինում պետական տարբեր գերատեսչությունների պատասխանատուների հետ՝ խնդիրների վերհանման և քարտեզագրելու ուղղությամբ: Հայտնեց, որ այն գլխավորապես ուղղված է լինելու թիրախային 9 ոլորտներում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանը: Այդպիսով քաղհասարակության ներկայացուցիչները կկարողանան աջակցել պետությանը.

«Դուք գիտեք, որ շատ օրենքներ իրականում չեն արտահայտում հանրային սպասելիքները, շահը, այդ պատճառով թղթի վրա են մնում և  չեն իրականացվում: Փորձելու ենք հանրային այն ուժը, որ կա կուտակցված ՔՀԿ-ներում,  նոր որակական, փորձագիտական հարթություն վրա տեղափոխել, որպեսզի կառավարությունը կարողանա օգտվել դրանից: Մենք այդ փորձն ունենք հակակոռուպցիոն ոլորտում: Ինչպես գիտեք, մեր մշակած բոլոր փաստաթղթերը ընդունվեցին, նույնիսկ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական  փաթեթը ընդունվեց, ստորագրվեց նախագահի կողմից և  հուլիսի մեկից ուժի մեջ կմտնի»,- ասաց Կարեն Զադոյանը:

Ողջունելով ծրագրի գաղափարը, նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ պատրաստակամ են տրամադրել ամբողջական տեղեկություններ՝ ոլորտի խնդիրները քարտեզագրելու համար, և շարունակել համագործակցությունը:

Հիշեցնենք, որ  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների  «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:

Աստղիկ Կարապետյան
Ալեքսանդր Սարգսյան

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել