ԱՊՊԱ պայմանագրով նախատեսվող փոխհատուցման չափը

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը մեկ ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված մեկ ապահովագրական պատահարի համար չպետք է պակաս լինի`

1) անձնական վնասների համար` 3 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից` ըստ յուրաքանչյուր տուժողի, և 9 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի.

2) գույքին պատճառված վնասների համար` 1 500 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի: Եթե սույն օրենքի համաձայն` հատուցման ենթակա գույքին պատճառված վնասներ են կրել մեկից ավելի անձինք, և այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարը, ապա այդ անձանցից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են վնասների ընդհանուր գումարում նրանց գույքին պատճառված վնասների չափերին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում:

Եթե օրենքի համաձայն` հատուցման ենթակա անձնական վնասներ են կրել մեկից ավելի անձինք, և այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարը, ապա նրանցից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են վնասների ընդհանուր գումարում նրանց պատճառված անձնական վնասների չափերին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում: Սույն մասի համաձայն հաշվարկված` յուրաքանչյուր տուժողին վճարման ենթակա գումարը չի կարող գերազանցել ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարը: Այն դեպքում, երբ տուժողներից մեկի (մի քանիսի) համար, սույն մասի համաձայն, համամասնորեն հաշվարկված գումարը (գումարներից յուրաքանչյուրը) գերազանցում է ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարը, ապա գերազանցող մասով (մասերով) հատուցվում են մյուս տուժողներին պատճառված վնասները այդ վնասներին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր տուժողի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում:

Ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերը սահմանվում են սույն օրենքով և ԱՊՊԱ պայմանագրով:

ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումարը կիրառվում է ԱՊՊԱ պայմանագրով, իսկ Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցման դեպքերի համար` Բյուրոյի կանոններով նախատեսված պայմաններով և կարգով: Ընդ որում, ԱՊՊԱ ոլորտում չհատուցվող գումար կարող է նախատեսվել միայն Բյուրոյի խորհրդի սահմանած չափով և դեպքերում:

Ապահովագրական հատուցումն առաջին հերթին կատարվում է ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա կամ  օրենքով նախատեսված դեպքերում Բյուրոյի կողմից` անկախ ապահովագրական պատահարում վնաս պատճառած անձի` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված դասով ապահովագրության կամավոր պայմանագիր ունենալու կամ տուժողի` իր կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասների ապահովագրության պայմանագիր ունենալու հանգամանքից:

Տուժողի փաստացի կրած վնասները հատուցելու համար ապահովագրական հատուցումն անբավարար լինելու դեպքում ապահովագրական հատուցման և վնասի փաստացի չափի միջև եղած տարբերությունը հատուցում է վնաս պատճառողը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1066-րդ հոդվածի համաձայն: Տուժողի փաստացի կրած այն վնասները, որոնք հատուցման ենթակա չեն ԱՊՊԱ պայմանագրով (Բյուրոյի կողմից), հատուցում է վնաս պատճառողը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:

Ապահովագրական գումարը ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում ենթակա չէ նվազեցման` անկախ այդ ընթացքում ապահովագրական պատահարների դիմաց վճարված ապահովագրական հատուցումներից:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել