Որո՞նք են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հիմքերը

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող է նշանակել այն անձի նկատմամբ՝

1) ով սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով նախատեսված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում.

2) ում մոտ հանցանքը կատարելուց հետո առաջացել է պատժի նշանակումը կամ կատարումն անհնար դարձնող հոգեկան խանգարում.

3) ով հանցանք է կատարել սահմանափակ մեղսունակության վիճակում.

4) ով հանցանք է կատարել և ճանաչվել է ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից բուժման կարիք ունեցող:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ նշանակվում են միայն այն դեպքերում, երբ հոգեկան խանգարումները կապված են այդ անձանց կողմից այլ էական վնաս պատճառելու հնարավորության կամ իր կամ այլ անձանց համար վտանգավորության հետ:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման կարգը սահմանվում է օրենքով:

Դատարանը կարող է օրենքով նշված և իրենց հոգեկան վիճակով վտանգավորություն չներկայացնող անձանց վերաբերյալ անհրաժեշտ նյութերը հանձնել առողջապահության մարմիններ՝ այդ անձանց բուժելու կամ նրանց հոգեբուժական կազմակերպություն ուղարկելու հարցը լուծելու համար:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են՝

1) հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը.

2) հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը.

3) հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը:

Մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում կատարված հանցանքի համար դատապարտված, բայց ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից կամ թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումներից բուժման կարիք ունեցող անձանց նկատմամբ դատարանը պատժի հետ մեկտեղ կարող է նշանակել հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել