26 քննիչի թեկնածու դիպլոմ ստացավ

Նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի 26 ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։

Դիպլոմների հետ միասին քննիչների թեկնածուներն ստացան նաեւ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները եւ այսօրվանից կանցնեն իրենց պաշտոնավարմանը։

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ ընդգծեց քննիչի աշխատանքում տեսական և հատկապես գործնական գիտելիքի անփոխարինելի դերը։ Քննիչն այն պաշտոնատար անձն է, ում գործունեությունը հստակ կանոնակարգված է քրեական դատավարության օրենսդրությամբ, հետեւապես ուղղակի անհրաժեշտություն է, որ նա լավագույնս տիրապետի օրենքի պահանջներին եւ խստորեն հետամուտ լինի դրանց պահպանմանը։

Ա.Հովսեփյանն արձանագրեց, որ արդարադատության իրականացման հիմքում քննիչի աշխատանքն է, ում առջեւ դրված պահանջը մեկն է՝ յուրաքանչյուր քրեական գործով հնարավորինս պարզել օբյեկտիվ իրականությունը՝ ապահովելով բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության իրականացումը։ ՀՀ ՔԿ նախագահն ընդգծեց, որ մշակվել եւ ներդրվել  են օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ՝ քննիչի որպես դատավարական սուբյեկտի, անկախությունն ապահովելու համար եւ այդ անկախությունը քննիչը պետք է դրսեւորի իր վարույթում քննվող յուրաքանչյուր քրեական գործով։

«Որեւէ անմեղ մարդ չպետք է դատապարտվի, հանցանք գործած որեւէ անձ չպետք է ազատվի քրեական պատասխանատվությունից, իսկ դրանց հնարավոր է հասնել միայն օբյեկտիվ քննությամբ, օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների արդյունքում», – նշեց Ա.Հովսեփյանը՝ ընդգծելով, որ միայն այդպես է հնարավոր հասնել սոցիալական արդարության վերականգնմանը, հանցագործությունների կանխարգելմանը։

ՀՀ ՔԿ նախագահը շնորհակալություն հայտնեց Արդարադատության ակադեմիային` քննիչի թեկնածուների  մասնագիտական պատրաստման դասընթացները կազմակերպելու համար եւ ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին պարգեւատրեց համագործակցության մեդալով, իսկ առկա ուսուցման վարչության բաժնի պետ Հասմիկ Ավետիսյանին՝ շնորհակալագրով։

Արդարադատության ակադեմիայում 2016թ. քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն իրականացվել է երկու խմբով: Առաջին խմբում ընդգրկված էր 26 քննիչի թեկնածու, որոնց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր։

Ուսումնառության դասընթացները շարունակում է ևս 20 թեկնածու, ովքեր ուսումնառությունը կավարտեն սույն թվականի դեկտեմբերին եւ դրական գնահատականներ ստանալու դեպքում աշխատանքի կանցնեն ՀՀ քննչական կոմիտեում։

Օրենքով Արդարադատության ակադեմիային է վերապահված քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումը: Քննիչների թեկնածուների ուսուցման ընդհանուր տևողությունը սահմանված է շուրջ ութ ամիս (առաջին խումբ՝ 2016 թվականի մարտի 1-ից նոյեմբեր 4-ը)՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը: Մասնագիտական պատրաստումն իրականացվել է առկա ուսուցմամբ՝ լսարանային ուսուցման և փորձաշրջանի եղանակներով: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը սահմանվում է 1670 ակադեմիական ժամ: Ուսուցումն իրականացվել է ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական դասընթացների հիման վրա։

Ուսուցման ծրագիրը նպատակաուղղված է ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը:

Ծանուցում.

     ՀՀ քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանումդիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած Հայաստանի Հանրապետության  այն քաղաքացին, ով

անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի)կամ պահեստազորի սպա է.

տիրապետում է հայերենին.

չունի քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (որոնց ցանկը սահմանում էՀայաստանի Հանրապետության կառավարությունը):

Նշանակումները կատարվում են ՀՀ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակից, որը համալրելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվարին հայտարարում է որակավորման ստուգումանցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերիքանակը:

Գրավոր քննության արդյունքում դրական միավորներ ստացած անձինք ուսումնառության ծրագիր են անցնում ՀՀ արդարադատության ակադեմիայում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել