Ինչպե՞ս է սնունդը մաքսազերծվում և ի՞նչ ռիսկեր կան

Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել էր, որ ներկայումս բավականին ռիսկային է ներկրվող կենդանական սնունդը: Անդրադառնալով մաքսային մարմինների գործունեությանը, նա ասել էր.

«Ըստ օրենքի, երբ ապրանքը բերվում է ներկրման, նախ պետք է մինչև սահմանին հասնելը, չեզոք գոտում այն զննվի սանիտարիայի և բուսասանիտարիայի մասնագետների կողմից, այնուհետև մաքսային զննում անցնի: Եթե բերվում է խոզի միս մի երկրից, որտեղ կա, օրինակ, Տեշենի հիվանդություն, ապա պետք է մինչև սահմանին հասնելը կանգնենցեն, չթողնեն երկիր մտնի: Եվ հենց այնտեղ այդ ապրանքը ոչնչացնելու միջոցառումները կատարվեն: Բայց մենք այլ կերպ ենք անում. մաքսայինի աշխատակիցներն ասում են՝ մտցրեք տերմինալ անասնաբույժին կանչեք, թող գա, տեսնի: Մենք բերում, մտցնում ենք երկիր,  հետո միայն ստուգում՝ վտանգավոր է, թե՝ չէ: Անասնաբուժական և բուսասանիտարական ծառայությունները չունեն տերմինալներ սահմանին կամ դրա չեզոք գոտում: Իրենք օգտագործում են մաքսային մարմնի տերմինալը, ինչը սխալ պրակտիկա է: Մաքսայինի տերմինալը երկրի ներսում է և այնտեղ պետք է ստուգում անցնի միայն այն ապրանքը, որի անվտանգությունն արդեն հաստատվել է:  Պետք է արտառոց մի բան լինի, որ անասնաբույժը սահմանին պառկի գետնին և ասի՝  չեմ շարժվի, չեմ թողնի ներս բերվի այդ ապրանքը»:

Նա նշել էր նաև, որ իր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ ՍԱՊԾ աշխատակիցների վրա ճնշումներ են եղել մաքսային մարմնի կողմից. «Ես անձամբ բոլոր սահմանային կետերը գնացել եմ, մեր տեսուչներին ասել եմ՝ մինչև դուք առաջինը չստուգեք, այլ մեկը չպիտի մոտենա: Մեր մասնագետները շատ արագ կողմնորոշվեցին և կազմակերպեցին աշխատանքը հավուր պատշաճի»:

Այս հարցի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև ՀՀ ՊԵԿ մաքսային վերահսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանից: Վերջինս Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց. «Ցանկացած ապրանք, որի դեպքում պահանջվում է համապատասխան բուսասանիտարական կամ անասնաբուժական հավաստագիր կամ թույլտվություն ՀՀ սահմանը հատելու համար, դա մաքսային կետում տվյալ փաստաթղթի առկայությունը չլինելու դեպքում մաքսային մարմինը չի կարող թույլատրել ապրանքի տեղաշարժը դեպի համապատասխան ժամանակավոր մաքսային պահպանման տարածք՝ հետագա ձևակերպան համար: Իսկ հետագա ձևակերպումը առանց վերջնական փաստաթղթի, որը նույնպես տրամադրում է Սննդի անվտանգության տեչությունը, չի կարող իրականցվել»:

Ի՞նչ վերաբերում է ապրանքը մինչ մաքսային կետ մտցնելը, չեզոք գոտում զննելուն, Գ. Սաղոյանն ասաց. «Չէ, չեզոք գոտում ոչ ոք որևէ գործողություն անել չի կարող, տվյալ տրանսպորտային միջոցը կամ բեռը պետք է անցնի սահմանապահ կետը, որտեղ գոյություն ունի մաքսային հսկողության տարածք, որտեղ բոլոր գործողությունները պետք է իրականցնեն և մաքսային, և համապատասխան մյուս կառույցների աշխատակիցները: Այդ ամբողջը իրականցվում է մաքսային հսկողության տարածքում: Եթե չկա համապատասխան փաստաթուղթ՝ տվյալ ապրանքի ներմուծումը թույլատրելու վերաբերյալ, տվյալ ապրանքը հետ է վերադարձվում համապատասխան երկիր»:

Լուսանկարում ՀՀ ՊԵԿ մաքսային վերահսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյան է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել