Արդյոք իրավունք ունե՞ն բժիշկները քաղաքացիներից շնորհակալության կարգով նյութական օժանդակություն ստանալ. հարցի շուրջ բանավիճում էին իրավաբաններն ու բժիշկները

Հայաստանի բուժհաստատություններում սահմանված չեն էթիկայի կանոններ: Այս մասին այսօր Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած առողջապահական իրավունքի՝ «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, փաստաբան Մարիամ Զադոյան: Նրա փոխանցմամբ՝ ներկայումս առողջապահական ոլորտում բազմաթիվ են կոռուպցիոն ռիսկերը, ըստ փաստաբանի՝ պետք է քաղաքացիներին իրազեկել, որ հարկավոր չէ առաջնորդվել խորհրդային տարիներից ժառանգած վատ ավանդույթով. «Պետք է բնակչության հետ լայնածավալ աշխատանք կատարել, բացատրել, որ պետք չէ 5000 դրամ դնել դնել բուժքույրի գրպանը, նրանք պետք է հասկանան, որ այսպես կոչված մաղարիչներն անընդունելի են, որովհետև բժիշկը իր աշխատանքի համար վարձատրվում է»,- շեշտեց բանախոսը՝ առաջարկելով նաև բժիշկներին չտալ նվերներ:

Այս մեկնաբանությունը հետաքրքիր արձագանք ստացավ համաժողովի մասնակիցների շրջանում, մի շարք բժիշկներ կողմ էին, որ առողջապահության ոլորտի աշխատակիցները նվերներ ստանան քաղաքացիներից. «Ժողովուրդը սովորություն ունի միշտ շնորհակալություն հայտնել իր բժշկին, սա մենք ժառանգել ենք խորհրդային տարիներից»,- ասաց նրանցից մեկը, իսկ մյուսը հավելեց. «Պետք չի շփոթել կոռուպցիան բժշկին շնորհակալություն հայտնելու հետ, դրանք լրիվ տարբեր բաներ են»:

Որպես հակափաստարկ Մարիամ Զադոյանը օրինակ բերեց Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իր փորձից, նա ասաց, որ մի քանի տարի անվճար կամավորական հիմունքներով աշխատել է կենտրոնում, որտեղ խիստ դրված է՝ ոչ մի դեպքում, ոչ մի նվեր չընդունել քաղաքացուց: Նրա խոսքերը հաստատեց նաև փաստաբան Արա Կարագյոզյանը, ով նույնպես շեշտեց, որ ինքը նույնպես 7 ամիս կամավոր հիմունքներով, անվճար աշխատել է այս կենտրոնում:

Այնպես որ իրավաբանները բժիշկներին խորհուրդ տվեցին ցածր աշխատավարձի պատճառաբանությամբ քաղաքացիներից չպահանջել և չվերցնել որևէ նվեր, այդ թվում՝ չընդունել գումար:

Մարիամ Զադոյանի տեսակետը պաշտպանեց նաև միջազգային փորձագետ Ջուդի Օվերալը:

Մարիամ Զադոյանի ելույթին առողջապահության ոլորտի խնդիրների մասին կարող եք ծանոթանալ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել