Մեքենաների մաքսազերծման ոլորտում նոր փոփոխություններ են կատարվել

Հանրապետության վարչապետի և ՊԵԿ նախագահի հանձնարարականների հիման վար՝ մաքսազերծման ողջ ընթցքը ձևափոխվել է: Վստահեցնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը:

«Ավոտմաքսատանն արդեն իսկ աշխատում է մեկ պատուհան ծառայությունը: Եթե նախկինում բրոքերային ծառայությունը զբաղվում էր միայն հայտարարագրի լրացմամբ, իսկ մնացած գործընթացը քաղաքացին ինքնուրույն էր իրականացնում, ապա նոր կարգի համաձայն, ավտոմեքենայի սեփականատերը փաստաթղթերի փաթեթը հանձնում է բրոքերային ծառայությանը, որը 20 րոպեում ապահովում է մնացած բոլոր ընթացակարգերն ըստ համապատասխան բաժինների: Գործընթացը տևում է 30 րոպե: Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես սկսել է իրականացվել մաքսատանը: Նախկինում ավտոմաքսատնից ուղեկցող բեռն ուղարկվում էր մաքսային պահեստ, այնուհետև տարածաշրջանային մաքսատուն,  որտեղ և քաղաքացիները կարողանում էին մաքսազերծել ու ստանալ այն»,- նշում է պարոն Ղազարյանը, նրա խոսքերով՝ վերանայվել է նաև մաքսային արժեքը. «Արդեն մենք 20 օր է, ինչ կարողացել ենք ստանալ մեկ ձևակերպման ընթացք, որում արտահանման երկրից ձեռքբերված գները կարողանում ենք ուսումնասիրել: Այն քաղաքացիները, որոնք որ պնդում են իրենց ձեռքբերված գինը, և այն տարբերվում է մեր կողմից սահմանված գնից, այսինքն՝ այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են առաջին մեթոդ կիրառվի (գործարքի գնի մեթոդ, երբ քաղաքացին մեքենան ցանկանում է մաքսազերծել վաճառված գնի միջոցով-Գ.Թ.), պարտավոր են մաքսատանը տեղակայված համակարգչի և ինտերնետի միջոցով ցույց տալ կողմից ներկայացված գինը, ապացուցել, որ այն համապատասխանում է տվյալ երկրի շուկայական գնին»,- նշեց պարոն Ղազարյանը՝ հավելելով, որ նման աշխատելաոճով ավելի ստույգ է որոշվում մաքսային արժեքը՝ բացառելով մաքսազերծման կամայական սակագնի որոշում կայացնելու հավանականությունը, այսպիսով՝ գործընթացը դառնում է առավել թափանցիկ:

Նա նաև հավելեց, որ արդեն 10-15 մեքենայի նկատմամբ կիրառվել է ձեռքբերման կամ գործարքի, ինչպես նաև շուկայական գնի մեթոդ:

Իրավաբան.net-ը հետաքրքրվեց մաքսատան պետից, թե արդյոք նպատակահարմար չեն համարում հրապարակել ներմուծվող գույքի հսկիչ գները, տվյալ դեպքում՝ մեքենաների. «Ինչո՞ւ չենք հրապարակում ինտերնետային կայքում, որովհետև տրանսպորտային միջոցի մաքսային արժեքն ու մուծվող գումարի հաշվարկը խիստ մասնագիտական է և մեր քաղաքացիներին շեղում է: Մեր աշխատանքը ցույց տվեց, որ քաղաքացիներն իրենց միջոցներով փորձում են հաշվել ու սխալ հաշվարկների արդյունքում թյուրիմացության մեջ ընկնում, սակայն մենք փորձում ենք հեռախոսի միջոցով օգնել քաղաքացիներին, շատ դեպքերում մենք ներմուծողներին հուշում ենք՝ ինչ կարգով պետք է ներմուծեն, որ ավելորդ խնդիրներ չունենանք, օրենսգրքով սահմանված է, որ ներմուծողի գինը եթե բարձր է լինում մաքսային մարմինների ներկայացրած արժեքից, ապա մաքսային մարմինը հիմք է ընդունում ներմուծողի կողմից ներկայացրած գինը, մեր մաքսային արժեքները, գաղտնիք չէ, երրորդ երկրից ներմուծված տրանսպորտային միջոցների պարագայում, շեշտեմ երկրները՝ Գերմանիա, Ամերիկա և անգամ Վրաստան, մաքսային մարմինների ներկայացված մաքսային արժեքները մոտավորապես 20 տոկոսով ավելի ցածր են լինում, քանի իրենց կողմից ձեռք բերված տրանսպորտային միջոցը»,- ասաց պարոն Ղազարյանը:

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչ քայլեր են ձեռնարկվում մաքսային տեսուչ-քաղաքացի շփման ընթացքում ի հայտ եկած կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, մաքսատան պետը նշեց. «Այսօր քաղաքացին ընդհանրապես չի շփվում մաքսավորի հետ, գործը հանձնում է բրոքերային ծառայությանը, նա է անցկացնում այն բոլոր ծառայություններով, որը հարկավոր է»,- ասաց պարոն Ղազարյանը՝ շեշտելով, որ բրոքերային ծառայությունների գումարը չի ավելացել ու չի էլ ավելանալու:

Այնուհետև Բաբկեն Ղազարյանը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ եղանակավոր է որոշվելու մեքենայի գինը՝ կայքի միջոցով, նա ասում է՝ այն դեպքերում, երբ քաղաքացին ներկայացնում է գինն ու համոզվում են, որ տարբերությունը մեծ է, գումարվում է ճանապարհածախսը ու մաքսային մարմնի կողմից հիմք է ընդունվում ներկայացվածը:

Մեզ հետ զրույցում մաքսատան պետը շեշտեց, որ իրենք հիմք են ընդունում ցանկացած կայք, որը քաղաքացին կներկայացնի, այդուհանդերձ նա նշեց, հաճախ կայքերի էջերը հնարավոր է լինում կեղծել. «Շատ դեպքեր մեր կողմից արդեն իսկ պարզվել են, որ քաղաքացիները, փորձելով տվյալ կայքում ներգրավվել մի տեսակի մեքենա, այնտեղ 20 հազար դոլար արժեքի մեքենան գրանցում են 1000 դոլարով ու նման պրոցեսը մեր կողմից կանխվում է ու չի անցնում»,- Իրավաբան.net-ին ասաց պարոն Ղազարյանը:

Մաքսատներում կան նաև հեռախոսահամարներ, որոնք հարկավոր է իմանալ, այսպես՝ մաքսային արժեքը կամ ընթացակարգը տեղեկանալու հարցերով գործում է (060) 54-73-04 հեռախոսահամարը, մաքսատանը մաքսային ձևակերպումների ժամանակ առաջացած խնդիրների դեպքում՝ (060) 54-73-01 հեռախոսահամարը, պաշտոնատար անձանց գործողությունները ոչ իրավաչափ համարելու պարագայում քաղաքացիները կարող են զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ (060) 54-44-44 (թեժ գիծ), (060) 54-44-45 (ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի ընդունարան), (060) 54-43-44 (ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի ընդունարան):

Տեղեկացնենք նաև, որ տարեսկզբի համեմատ Հայաստանում մոտ 30 տոկոսով աճել է մեքենաների ներկրումը, հոկտեմբերին 3-րդ երկրներից  ներմուծվել է 1870 մեքենա՝ ապահովելով 1 միլիարդ 470 միլիոն դրամ մուտքեր, ԵԱՏՄ երկրներից ներկրվել է 9801 մեքենա:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել