Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կատարված սպանության գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ սպանվել էին քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանը («Երրորդմասցի Լյովիկ») և նրա երկու ընկերները:
Դատական նիստեր դահլիճ էին բերվել իրեղեն ապացույց համարվող դեպքի վայրից հայտնաբերված ինքձիգներն ու ատրճանակները՝ փաթեթավորված: Դատարն էր հրավիրվել նաև ոստիկանության փոխգնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արայիկ Ասլանյանը, ով կատարել էր զենքերի փորձաքննությունը:
Մինչ իրեղեն ապացույցների հետազոտմանն անցնելը, ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը հարց տվեց փորձագետին, թե ինչ պայմաններում է կատարել փորձաքննությունը և արդյո՞ք ունեն բոլոր պայմանները, որպեսզի մեկուսացված կատաևվի փորձաքննությունը, այլ տարրեր չազդեն դրանց արդյունքների վրա: Փորձագետը երբ նշեց, որ փորձաքննության առարկան դրվում է խանութից գնված սովորական սպիտակ թղթի վրա, որից հետո այն դեն է նետվում, փաստաբանը հարցրեց՝ թե արդյո՞ք խանութից գնվելուց հետո այդ թուղթը որոշակի մշակման չի ենթարկվում, փորձագետը պատասխանեց՝ ոչ և դրա համար համապատասխան պայմաններ չկան:
Այնուհետև դատական կարգադրիչն ու փորձագետը ռետինե ձեռնոցներ հագան և սկսեցին բացել փաթեթները: Առաջինը ներկայացվեց «Մակարով» տեսակի ատրճանակ:
Փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրեղեն ապացույցը պատշաճ կերպով չէ փաթեթավորված և ցանկության դեպքում հնարավոր է առանց կնիքը խախտելու միջի զենքը դուրս բերել: Փորձագետը, իհարկե, չէր ընդունում դա: Իսկ մեղադրող դատախազն էլ նկատեց, թե փաթեթն այնուամենյանիվ վնասված չէ, ինչը հեգնանքով ընդունվեց դահլիճում ներկաների կողմից:
Հաջորդ իրեղեն ապացույցը ինքնաձիգ էր: Այս անգամ արդեն փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանի թույլտվությամբ առանց փաթեթն ու կնիքը վնասելու միջից հանեց ինքնաձիգը, ինչը բավականին անհարմար իրավիճակ ստեղծեց փորձագետի համար:
Երրորդ փաթեթում մի քանի զենքեր էին, դրանց պահունակները: Այս դեպքում ևս Լուսինե Սահակյանն ասաց, որ եթե դատարանը տաքացնելու հնարավորություն ընձեռնի, դրա միջոցով հնարավոր կլինի առանց կնքիը վնասելու միջինը դուրս բերել: Սակայն, գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրահանգեց կարդագրիչին բացել այն:
Փաստաբանը նկատեց նաև, որ իրեղեն ապացույցները բացի այն, որ պատշաճ չեն փաթեթավորված, նաև խնդիրներ կան դրանք կնքված լինելու հետ: Նա բազմիցս ընդգծում էր այն հանգամանքը, որ փորձաքննությունը չի կատարվել պատշաճ մակարդակով, դրանց վրա կարող էին հայտնվել այլ անձանց իդենտիֆիկացնող տարրեր:
Հաջորդ դատական նիստին կհետազոտվեն գործում առկա տեսանյութերը: