Ի՞նչ է ընտանեկան դրամագլուխը (կապիտալը) և ինչպե՞ս է այն ձևավորվում

ՀՀ պետական նպաստների մասին օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ընտանեկան դրամագլուխը պետական աջակցության հաշվին առկա միջոցներն են:

Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է՝

1) 3-րդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում տրվող՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին փոխանցած միջոցներից.

2) պետական աջակցության հաշվին առկա միջոցների դիմաց հաշվեգրվող տոկոսներից.

3) պետական աջակցության հաշվին օրենքով չարգելված այլ մուտքերից:

Ընտանեկան դրամագլուխը մինչև երեխայի (որի անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը, այսուհետ՝ հաշվետեր) 18 տարին լրանալը տնօրինում է երեխայի հետ նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) օրինական ներկայացուցիչը (ծնողը, խնամակալը, որդեգրողը)՝ բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով և կարգով անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով:

Օրենքով սահմանված՝ օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է՝

1) եթե հաշվետերը տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ձեռք է բերում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

2) օրենքով սահմանված երեխաներից մեկի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) տեղավորվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

3) հաշվետիրոջ 18 տարին լրանալու դեպքում:

Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը 18 տարին լրանալուց հետո:

Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու (պետական աջակցության հաշվից անկանխիկ վճարումներ կատարելու) համար դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, պետական աջակցության հաշիվը բացելու, հաշվետիրոջ մահվան դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ընտանեկան դրամագլուխը Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ տնօրինվելու դեպքում պետական աջակցության հաշվից ելքագրված միջոցները ենթակա են բռնագանձման դրանք տնօրինելու համար դիմում ներկայացրած անձից:

Ընտանեկան դրամագլուխը չի կարող բռնագանձվել (պետական աջակցության հաշվի վրա արգելանք չի կարող կիրառվել) մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը:

Ընտանեկան դրամագլուխը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել