Սպանել է երկրորդ կնոջը՝ «պատվի համար»

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը՝ Պակիստանի Կարաչի քաղաքում (հարավ-արևելյան Սինդ նահանգ) բնակվող 50 ամյա տղամարդը խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ սպանել է իր 30 ամյա կնոջը՝ «պատվի համար»: Ինչպես հայտնել է ոստիկանության քննիչ Թաջ Մուհամմադ Վասոնը՝ կինը ամուսնու կողմից իրականացրած բռնության երկրորդ զոհն է. վերջինս 15 տարի առաջ սպանել էր նաև իր առաջին կնոջը, ով նաև իր երեք երեխաների մայրն էր: Պատճառը կրկին «պատիվն» էր:

«Կինս հարաբերությունների մեջ էր այլ տղամարկու հետ: Ես չեմ զղջում իմ արածի համար: Ես նրան շատ անգամներ եմ նախազգուշացրել, բայց նա չէր հասկանում: ես նույնիսկ փորձեցի նրան համոզել սպանության նախորդ գիշերը»,_ ասել է տղամարդը the Express Tribune-ի հետ զրույցում:

Դեպքը հաջորդում է Amnesty International-ի՝ Պակիստանի իշխանություններին ուղղված կոչին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել «պատվի» համար սարսափելի սպանությունների մեղավորներին: Մի շարք հնչեղություն ստացած սպանությունները ակներև են դարձրել ասիկական երկրում կանանց նկատմամաբ իրականացվող վայրագությունները: Հուլիս ամսին Amnesty International-ը պահանջել էր իշխանություններից վերջ դնել նմանատիպ սպանություններին և կանանց նկատմամբ իրականացվող այլ տեսակի բռնությունների անպատժելիությանը: Իսկ իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են արել կառավարությանը փոխել գործող օրենքը, որը թույլ է տալիս հանցագործի ընտանիքին նրան ներում շնորհել, որը նշանակում է, որ նրա նկատմամբ ոչ մի մեղադրանք չի առաջադրվում:

Սոցցանցերի աստղ Քանդել Բալոքի՝ իր եղբոր կողմից վերջերս իրականացված սպանության դեպքը ստիպեց երկրի իշխանություններին այն որակել որպես «հանցանք ուղղված պետության դեմ» և ընտանիքին չթույլատրվեց ներում շնորհել իրենց որդուն: Այն հարցին թե ինչու էր նա խեղդամահ արել քրոջը վերջինս պատասխանել էր, որ հպարտ է իր արարքի համար, քանի որ աղջիկները «ծնվել են տանը նստելու և ավանդույթներին հետևելու համար», իսկ քույրը երբեք էլ չի հետևել դրանց:

Ըստ երկրի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից ներկայացված զեկույցի՝ անցյալ տարվա ընթացքում Պակիստանում առնվազն 1100 կին է սպանվել իրենց հարազատների կողմից, ովքեր հավատացած են, որ նրանք արատավորել են իերնց ընտանիքների պատիվը:

«Այսպես կոչված «պատվի համար» սպանությունների հեղինակներին պատասխանատվության չենթարկելով երկրի իշխանությունները չեն կատարում զոհերի հիշատակի հանդեպ իրենց պարտքը և թույլ են տալիս, որ երկրում տիրի անպատժելիության մթնոլորտը», – նշել է Amnesty International-ի խոսնակը:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել