Վարչապետին դիմավորել են ցուցապաստառներով

Կառավարությունից հաղորդում են, որ օգոստոսի 13-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։

Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկան, որտեղ վարչապետին են ներկայացրել ֆաբրիկայի գործունեությունը և առաջիկա ներդրումային ծրագրերը:

Այնուհետև վարչապետին է ներկայացվել Վանաձորի հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են եռահարկ հիվանդանոցի ներքին հարդարման աշխատանքները:

Բուժհաստատությունը, որն ունենալու է 150 մահճակալ, շահագործման կհանձնվի 2017 թ. ընթացքում: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 700 մլն դրամ: Հիվանդանոցի ծննդատան մասնաշենքի կառուցման աշխատանքները ֆինանսավորել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ ու ժամանակին իրականացումը և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:

Վարչապետն այցելել է նաև Վանաձորի «Ավտոգեն Մ» մեքենաշինական գործարան, ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:

Վանաձորից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Ստեփանավանի տարածաշրջանի 39,6 կիլոմետր երկարությամբ Ագարակ-Օձուն-Մ-6 ավտոճանապարհի հինանորոգված հատված: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 3.5 մլրդ դրամ, որից 700 մլն դրամը հատկացվել է ՀՀ պետբյուջեից, մնացած միջոցները ներգրավվել են Համաշխարհային բանկից: Կառավարության ղեկավարը նշել է, որ ճանապարհների կառուցումն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն և վստահություն հայտնել, որ գրեթե 40 կմ երկարություն ունեցող այս ճանապարհը կնպաստի հարակից համայնքների տնտեսական զարգացմանը: Վարչապետը հանդիպել է նաև Յաղդան համայնքի բնակիչներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել մի շարք հարցերի:

Նշենք, որ կառավարության ղեկավարն այցելել է Ստեփանավանի պոլիկլինիկա, որտեղ իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Զեկուցվել է, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում: Ծրագրի նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հատկացրել է 182 մլն դրամ: Պոլիկլինիկան սպասարկում է շուրջ 28 հազար բնակչի:

Վարչապետը եղել է նաև Գյուլագարակ համայնքում: Այստեղ ընթացքի մեջ են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այդ նպատակով ներդրվել է շուրջ 200 մլն դրամ: Տեղի բնակիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին ծրագրի իրականացման համար:

Տեղեկացնենք նաև, որ Վանաձորում «Ռեջիոն Էներջի» ընկերության աշխատակիցներն  Հովիկ Աբրահամյանին դիմավորել են ցուցապաստառներով: Ընկերության աշխատողները պահանջում էին իրենց 4 ամսվա աշխատավարձը։ Վարչապետը խոստացել է լուծում տալ աշխատողների կողմից բարձրացված խնդրին։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել