Ըստ Ռուսաստանի Քննչական կոմիտեի հաղորդման Կիրովի մարզի նահանգապետ Նիկիտա Բելիխը ձերբակալվել է՝ 454.000 դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է The Washington Post-ը:
Քննչական կոմիտեի խոսնակ Վլադիմիր Մարկինը նշում է, որ նահանգապետը ձերբակալվել է Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ կաշառքը վերցնելու պահին: Նա նաև հավելել է, որ Բելիխի դեպքը քաղաքական հիմք չունի, և վերջինս կաշառք է վերցրել տեղի գործարարներից մեկից՝ վերջինիս ներդրումային բիզնեսին աջակցելու համար:
41-ամյա Բելիխը նշանակվել է Մոսկվայի արևելյան արդյունաբերական մարզի նահանգապետի պաշտոնին 2009թ.-ից ի վեր՝ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից: Մինչ այն նա «Աջակողմյան ուժերի միություն» լիբերալ կուսակցության առաջնորդն էր: Նրա ձերբակալությունը՝ տարածքային և դաշնային պաշտոնյաների ձերբակալման վերջին դեպքերից է, որը ցույց է տալիս կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Կրեմլի ջանքերը:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը