ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
Դատարանի` սնանկության գործը կամ սնանկության հարցն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում:
Կարևոր է իմանալ, որ այն բացառիկ դեպքերում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակման պահից դատավորի կողմից հայտարարվել են օրինական ուժի մեջ մտած, այդ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 1-ամսյա ժամկետում: Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:
Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` 3 ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է 20 տարի:
Օրենքով նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:
Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:
Վերը նշված ժամկետներում դատական ակտի բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հետևյալ դեպքերում՝ եթե կողմերը առաջին ատյանի դատարանում կնքել են վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն, ապա նման համաձայնություն կնքած կողմի (կողմերի) ներկայացրած վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանի կողմից ենթակա է քննության միայն նման համաձայնություն կնքած մյուս կողմի համաձայնության դեպքում:
Հարկ է իմանալ, որ վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից: