«Սպառողների և ֆինանսական կազմակերպությունների հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշման համաձայն`
«25.10 Սպառողի կողմից պայմանագիրը լուծելու մասին դիմում ներկայացնելու դեպքում ֆինանսական կազմակերպությունն անմիջապես պետք է սպառողին տրամադրի դիմումը ստանալու մասին հավաստում այն եղանակով, որ եղանակով ներկայացվել է դիմումը: (Օրինակ, գրավոր թղթային դիմումի դեպքում` գրավոր թղթային հավաստում, էլեկտրոնային դիմումի դեպքում` էլեկտրոնային հավաստում): Բանավոր դիմում ներկայացնելու դեպքում ֆինանսական կազմակերպությունը սպառողի ցանկությամբ տրամադրում է գրավոր թղթային կամ էլեկտրոնային հավաստում:
25.11 Սպառողի կողմից բանկային հաշվի պայմանագիրը լուծելու և հաշիվը փակելու դիմումին ընթացք տալը մերժելու դեպքում բանկը պարտավոր է հաճախորդին տեղեկացնել մերժման պատճառների մասին (օրինակ, հաշվի նկատմամբ առկա արգելանքներ) 25.10 կետով նշված եղանակով:
25.12 Ֆինանսական կազմակերպությունը սպառողի կողմից բանկային հաշվի պայմանագիրը լուծելու և հաշիվը փակելու դիմումին ընթացք տալիս 25.10 կետով նշված եղանակով սպառողին նվազագույնը տեղեկացնում է`
1) առավելագույնը մեկօրյա ժամկետում հաշիվը փակելու և հաճախորդի հաշվին միջոցների առկայության դեպքում այդ միջոցները հաճախորդի` այլ հաշվին փոխանցելու կամ նրա կողմից կանխիկացնելու հնարավորության և դրա իրականացման ժամկետների մասին,
2) բանկային հաշվի պայմանագիրը լուծելու և հաշիվը փակելու դիմումը ներկայացնելու և բանկի կողմից ընթացք տալու պահից հաշվի սպասարկումը, այդ թվում` սպասարկման վճարի կամ ապագային միտված որևէ այլ վճարի գանձումը դադարելու մասին:
25.13 Ֆինանսական կազմակերպությունը 25.10 կետով նշված եղանակով սպառողին տեղեկացնում է նաև, որ հաշվի փակումը չի ազատում հաճախորդին մինչև հաշվի փակելը ստանձնած պարտավորությունների կատարումից»։