«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Մինչև 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե նրանք գալիս են Հայաստանի Հանրապետություն իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:
Առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած անձանց մուտքը չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք, և հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, նույն փոխադրողի տրանսպորտային միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք Հայաստան են ժամանել ապաստանի իրավունք հայցելու նպատակով:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օտարերկրացինների սեփական միջոցների բացակայության դեպքում նրանց վերադարձի ծախսերը միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կատարում են փոխադրողները, որոնք իրականացրել են այդ օտարերկրացիների փոխադրումը Հայաստանի Հանրապետություն, կամ Հայաստանի Հանրապետությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հարկ է իմանալ, որ այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
Ի դեպ, նման մուտքի վիզայի ռեժիմից օգտվող օտարերկրացինների անձնագրում հատուկ նշում է կատարվում նրանց՝ Հայաստանի Հանրապետություն ժամանման ամսաթվի վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: