Ուշադրություն հարկ վճարողներին

Հարկ վճարողը պարտավոր է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնել հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ), կազմել հաշվետվություններ` իր ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ.

բ) հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում ինքնուրույն հաշվարկել սահմանված հարկերի գումարները և իրականացնել դրանց վճարումը բյուջե.

գ) սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնել (մասնավորապես ներկայացնել էլեկտրոնային եղանակով` համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածի, կամ ուղարկել փոստով` համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 3-րդ հավելվածի, կամ հանձնել ըստ պատկանելության) հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ.

դ) ժամանակին վճարել օրենքով սահմանված հարկերը` հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանված կարգով կատարելով նաև դրանց կանխավճարային մուծումները.

ե) անհրաժեշտ պայմաններ ապահովել հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների (ուսումնասիրությունների) համար, այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով էլեկտրոնային կրիչով տրամադրել հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարականով ընդգրկվող ժամանակահատվածի մասով).

զ) ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.

է) հարկային մարմնի ստուգումների (ուսումնասիրությունների) հետևանքով բացահայտված, թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի գումարի չափով ուղղումներ (ճշգրտումներ) կատարել հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառմանը և (կամ) գրանցումներին վերաբերող) փաստաթղթերում.

ը) հարկային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի` ոչ ռուսերեն և անգլերեն լրացված (կազմված) օրինակներին կից ապահովել դրանց հայերեն թարգմանված տարբերակները.

թ) իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) փակցնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները):

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները և հաշվառված անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված կազմակերպությունները գրանցում (հաշվառում) ստանալու պահից համարվում են հաշվառված հարկային մարմնում: Անուղղակի հարկեր վճարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել առանձին հաշվառման կարգ:

IRAVABAN.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել