Պատերազմի ժամանակ զոհված տանկիստն անավարտ երազանքներ է թողել

Գյումրու «պալիգոններ» կոչվող թաղամասի փողոցներից մեկում անսարք վիճակում մեքենա է կանգնած: Այս նույն փողոցում ծնվել և մեծացել է Արցախյան քառօրյա պատերազմի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանը:

Մեքենան, որ կանգնած է, Տիգրանի երազանքի մի մասնկին էր:

«Իր նպատակն էր, որ նորոգեր իր ուզած ձևով: Ամենագնաց էր ուզում սարքեր»,- ասում է եղբայրը:

Տիգրանը մեքենաների հանդեպ մեծ սեր է ունեցել, կարողացել է ոչ միայն լավ վարել, այլ նաև նորոգել: Ծառայությունը ավարտելուց հետ մտադրված էր վերանորոգել, նորացնել տան դիմաց կանգնած մեքենան. «Հիմա մենք մտածում ենք, որ իր ուզած մեքենան, ինչպես նա պատկերացնում էր՝ պետք է գա ու սարքել, իր ուզած գույնով ներկի և մնացած բաները, մենք պետք է շարունակենք»,- նշեց եղբայրը:

Տանկիստը սիրում էր սպորտով զբաղվել, չէր ծխում և հավատարիմ էր ընկերներին: Նա նաև բնավորության մի կարևոր գիծ ուներ. «Նա պետք է ամեն ինչում ամենալավը լիներ՝ սովորելու հարցում, ֆիզիկապես, մեքենա վարելիս: Հագնվելուց էլ պետք է լավ հագնվեր, մաքուր լիներ, կոկիկ հագնում էր»,- ասում է հայրը՝ Արամ Աբգարյանը:

Կյանքով լեցուն, աշխույժ և ուրախություն բերող էր: Որդուն է ներկայացնում Գոհար Աբգարյանը:

«Միշտ նրան կատակով ասում էինք՝ գիտե՞ս քեզ ինչ դժվարությամբ ենք մեծացրել, ասում էր՝ մամ ես տեղը կհանեմ, ու հանում էր: Սիրում էր ինձ անակնկալներ անել, անընդհատ նվերներ էր բերում, սիրում էր, որ ես ինձ լավ եմ զգում»,- ասում է մայրը:

Տիգրանը սիրում էր ուտեստներ պատրաստել, հատկապես՝ խորոված և քյաբաբ:

Ասել է, որ անգամ կրակոցի ձայն չեն լսել

Ապրիլի 3-ին ժամը 12-ի մոտ եղբայրը զանգել է Տիգրանին. «Որ խոսեցի մեզ չասաց՝ կռիվ կա: Իր հետ խոսալիս ասաց, որ անգամ կրակոցի ձայն չի լսել, ամեն ինչ նորմալ է իրենց մոտ, անհանգստանալու կարիք չկա, փաստորեն այդ ժամանակ նա պատրաստվում էր շատ լուրջ մարտի մտնել, որը ճակատագրական եղավ իր համար»,- նշեց նա:

Տիգրանի հերոսությունների մասին շատ է ասվել, նշվել է, որ նա 3-ից ավելի տանկ է խոցել: Վերջերս Աբգարյանների ընտանիք է այցելել նրա հրամանատարը և ներկայացրել որոշ մանրամասներ. «Ըստ նրա՝ թե ինչքան է տանկ խոցել, դա այնքան էական չէ, միգուցե ավելի շատ է խոցել: Առավել կարևոր է այն, թե ինչպես է նա իրեն պահել առաջնագծում: Ասաց՝ եթե դուք տեսնեիք, թե ինչպես էր նա վարում այդ տանկը, ինչ «մանյովրներ» անում, հնձելով գնում էր: 3-4 տանկի որ խոցել է կռվի ժամանակ, վարելով գնացել են, հրամանատրն ասել է, որ հրաման են տվել հետ գալ, սակայն չեն եկել: Թուրքի մզկիթ են տեսել, դրոշակը վրա, մտել տրորեն են դրոշակը, տանկի շուրջ պտտվել էին և ավիրել, «Տ-82»-ով մի քանի «Տ-92» տանկերի դեմ դուրս էր եկել, չեն կարողացել խոցել նրան»,- պատմեց հայրը, ապա շարունակեց վերաշարադրել Տիգրանի հրամանատարի խոսքերը. «Այդ ժամանակ թուրքերն անընդհատ ասում էին՝ «դա բերեք, շուտ բերեք», երեք անգամ ասացին, տանկով չէին կարողանում խփել»:

Ընդհանրապես մարտավարության ժամանակ տանկերը ելման դիրք են ունենում, այս դիրքից դուրս են գալիս կրակում և նորից վերադառնում, այդ ժամանակ, երբ Տիգրանի տանկը ելման դիրքում էր, այն խոցվեց:

Զրամասի հրամանատարությունը նաև տրամադրել է վերջին տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է տանկը կրակում և վերադառնում ելման դիրք:

Տիգրան Աբգարյանը մահացավ 20 տարեկան հասակում՝ Ջեբրայիլում: Նրա անվամբ է կոչվել սեփական դպրոցի ռազմագիտության դասարանը:

Տիգրանը անավարտ երազանքներ է թողել, որոնք պատրաստվում են իրագործել ընտանիքի անդամները:

Հ.Գ. Տիգրան Աբգարյանի ընտանիքի անդամների ողջ ընթացքը փորձել եմ նկարահանել, միայն մի դրվագ եմ բաց թողել, երբ Տիգրանի հոր հետ այցելեցինք նրա դպրոց, եղան ռազմագիտության դասարանում, որը անվանակոչվել է հերոսի անունով, դուրս գալուց դպրոցի մուտքի մոտ 2 դպրոցականներ կային, նրանք մտահոգ և տխուր հայացքով նայում էին Արամ Աբգարյանին՝ աջ ձեռքերը սրտին դրած:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել