Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են`
1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու և այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև ԽՍՀՄ տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները.
2) անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածները, բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամների (այդ թվում` վարձու աշխատող համարվող)՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածների.
3) «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված զինվորական ծառայության ժամանակահատվածը (բացառությամբ ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածի).
4) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը` մինչև նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի, իսկ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև`
1) գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը.
2) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի.
3) ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում (զորամասերում) ծառայող` զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` ութ տարուց ոչ ավելի.
5) օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` հինգ տարուց ոչ ավելի.
6) ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.
7) բռնադատված կամ քրեական հետապնդման ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի` կալանքի տակ գտնվելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածները` եռակի չափով` սկսած 14 տարեկանից.
8) սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամանակահատվածները: