Ինչպե՞ս ստանալ միջազգային վարորդական վկայական

Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար վարորդական վկայականի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական:

Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում ստորև նախատեսված փաստաթղթերը և 4 x 6 սմ չափսի մեկ գունավոր լուսանկար: Ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի բնօրինակը համեմատելուց հետո վերադարձվում է այն ներկայացրած անձին:

Այսինքն` ներկայացվում է.

1. Դիմում

2. Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, վերջինիս դեպքում` հաշվառման (փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, և դրանց պատճենները (պատճենները ներկայացվում են միայն տեսական քննության ժամանակ)

3. Վարորդական իրավունքի վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր

4. Վարորդական վկայական (վարորդական վկայականի փոխանակման կամ միջազգային վարորդական վկայական ստանալու դեպքում)

Միջազգային վարորդական վկայականների կորստի կամ փոխանակման դեպքում դրանց կրկնօրինակը տրվում է ընդհանուր հիմունքներով:

Միջազգային վարորդական վկայականներն ստորագրվում են ստորաբաժանման ղեկավարի կողմից և կնքվում միջազգային երթևեկության փաստաթղթերի հաստատման համար նախատեսված կնիքով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու թույլատրելի կարգերը նշվում են դրոշմով` համաձայն N 4 ձևի:

ԻՐԱՎԱԲԱՆ.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել