«Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն`
Զենքի արտադրությունը, առևտուրը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից զենքի արտադրության և ձեռքբերման դեպքերի:
Զենքի արտադրության լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ զենքի առևտրի լիցենզիան` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Զենքի ձեռքբերման թույլտվություն (բացառությամբ ակոսափող հրազենի, գազային ատրճանակների և թմբուկավոր ռևոլվերի) կարող են տալ նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն):
Լիցենզիա տալու օրվանից հաշված` զենքի արտադրության, առևտրի լիցենզիաների գործողության ժամկետը երեք տարի է, իսկ ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություններինը` վեց ամիս, բացառությամբ «Զենքի մասին» օրենքի 13 հոդվածում նախատեսված դեպքերի:
Լիցենզիա կամ թույլտվություն ստանալու մասին դիմումը նշված մարմինները քննարկում են` դիմում տալու օրվանից հաշված մեկ ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով: Դիմումում նշվում են տեղեկություններ արտադրության, առևտրի, ձեռքբերման, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու ենթակա զենքի տեսակի, դրա արտադրության լիակատար անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Դիմողը պարտավոր է ներկայացնել նաև ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության հիմնադրմանը և գրանցմանը վերաբերող կամ քաղաքացու անձը հաստատող, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
Զենքի արտադրության, առևտրի լիցենզիաների և հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվությունների գործողության ժամկետը դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել հինգ տարով, իսկ զենքի ձեռքբերման թույլտվության գործողության ժամկետը` վեց ամսով: Նշված լիցենզիաների և թույլտվությունների գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումը ներկայացվում է դրանց գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ: Այն քննարկում են «Զենքի մասին» 9–րդ հոդվածի երկրորդ մասում նշված մարմինները` դիմում տալու օրվանից հաշված մեկ ամսվա ընթացքում:
Լիցենզիա և թույլտվություն տալու կամ դրանց գործողության ժամկետը երկարաձգելու մերժման հիմքերն են`
ա) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը.
բ) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը.
գ) սույն օրենքով նախատեսված այլ հիմքեր:
Լիցենզիա և թույլտվություն տալու կամ դրանց գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու դեպքում նշված մարմինները պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին` նշելով մերժման հիմքը: Լիցենզիա և թույլտվություն տալու կամ դրանց գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժելու որոշումը, ինչպես նաև դիմումի քննարկման ժամկետների խախտումները դիմումատուն կարող է գանգատարկել դատական կարգով:
IRAVABAN.NET