«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն`
Ուղևորության համար ուղևորը պետք է ունենա ուղետոմս կամ երթևեկելու իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ (մշտական ուղետոմս, անվճար երթևեկության իրավունքի վկայական և այլն), ուղեբեռի առկայության դեպքում` ուղեբեռային անդորրագիր, տեղ զբաղեցնի ուղետոմսում նշված տեղին համապատասխան, պահպանի ուղետոմսն ամբողջ ուղևորության ընթացքում և ներկայացնի ավտովարորդի (տոմսավաճառի) կամ վերահսկողություն իրականացնող անձանց պահանջով:
Միջպետական և միջքաղաքային երթուղիներում մինչև ավտոբուսի մեկնելն ուղետոմս (ուղեբեռային անդորրագիր) չստացած ուղևորն ավտոկայարանից (ավտոկայանից) ուղևորության (ուղեբեռ փոխադրելու) իրավունք չունի:
Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղևորն իրավունք ունի իր հետ անվճար տեղափոխելու մինչև 7 տարեկան մեկ երեխա, եթե վերջինս առանձին նստատեղ չի զբաղեցնում: Առանձին նստատեղ զբաղեցնելու դեպքում, ինչպես նաև մինչև 7 տարեկան մի քանի երեխաների հետ երթևեկելիս յուրաքանչյուր երեխայի համար վճարվում է սահմանված փոխադրավարձի 50 տոկոսը:
Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով երթևեկելիս ուղետոմսի 50 տոկոս արժեքով ուղետոմս է ձեռք բերվում 7-ից 12 տարեկան երեխաների համար: 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների երթևեկության համար վճարը գանձվում է սահմանված փոխադրավարձի չափով:
Արտոնություններով երթևեկելու իրավունք ունեցող ուղևորների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռի փոխադրման պայմանների կատարումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով: