Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում` համաձայն հաստատված պլանի: Արձակուրդ տալու հերթականությունը սահմանում է համապատասխան հրամանատարը (պետը)` զորամասերի (զինվորական կառավարման մարմինների) մարտական պատրաստության ապահովման շահերը և արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը հաշվի առնելով:
Հերթական արձակուրդից զինծառայողին կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` արձակուրդ տրամադրած հրամանատարի (պետի) հրամանով: Նման դեպքում չօգտագործած արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օր և ավելի: Չօգտագործած արձակուրդի օրերը զինծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:
Հերթական արձակուրդի ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է`
1) մարտական գործողությունների մասնակիցներին.
2) մինչև 16 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող զինծառայողներին.
3) հաշմանդամ ամուսին կամ երեխա ունեցող զինծառայողներին:
Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով զինծառայողը չի օգտվել հերթական և (կամ) օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված լրացուցիչ արձակուրդից, դա տրվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում:
Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած զինծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով` հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:
Պայմանագրային զինծառայողների ծառայության ընդունվելու և ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը 12-ի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են` ավելացման միտումով:
Զինծառայողի` պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ կամ մինչև պայմանագրի ժամկետը լրանալը վաղաժամկետ զորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) դեպքերում չօգտագործված հերթական արձակուրդի փոխարեն վճարվում է դրամական փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով և չափով: