Ի՞նչ պետք է իմանալ մաքսային արժեքի մասին

Մաքսային սահմանով ապրանք տեղափոխողները պետք է իմանան, որ մաքսային արժեքն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի այն գումարն է, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:

Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի կողմից, բացառությամբ ՀՀ Մաքսային օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ դա որոշվում է մաքսային մարմինների կողմից:
Կարևոր է իմանալ, որ մաքսային արժեքը ներառում է`
1) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը.
2)մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը.
3)մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի.
4) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված`
4․1)ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,
4․2)ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,
4․3) ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,
4․4)ապրանքների արտադրության համար անհրաժեշտ ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.
5) գնորդի կողմից ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.
6) տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.
7) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:

Հարկ է նշել, որ վերը թվարկված կետերի 2-ից 7-րդում նշված ծախսերը ներառվում են մաքսային արժեքի մեջ, միայն այն դեպքում, եթե դրանք հաշվի չեն առնված ապրանքների ձեռքբերման գնում:

Մաքսային արժեքում չեն ներառվում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի հետևյալ գումարները `
1) արտահանման երկրում վճարված կամ վճարման ենթակա և վճարման փաստաթղթերում առանձին նշված անուղղակի հարկերը.
2) ներմուծման երկրում կատարված ապրանքների փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման, կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը.
3) մատակարարի հանդեպ գնորդի ստանձնած ֆինանսական պարտավորություններից բխող տոկոսները, բացառությամբ Մաքսային օրենսգրքի 83 հոդվածի «է» կետում նշված գումարների, և եթե տվյալ տոկոսադրույքը չի գերազանցում նույն կամ գրեթե նույն ժամանակաշրջանում արտահանման երկրում նմանօրինակ գործարքներում կիրառվող տոկոսի միջին դրույքաչափը.
4) էլեկտրոնային տվյալների կրիչներում ներառված տեղեկատվության (ծրագրային փաթեթներ և այլն) արժեքը:

Կարևոր է նաև իմանալ, որ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների հետ մեկտեղ հայտարարագրում է նաև ապրանքներ տեղափոխող կամ նրա կողմից լիազորված անձը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել