«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում 2016 թվականի ապրիլի 7–ին ընոդւնված նոր փոփոխություններ և լրացումների արդյունքում սահմանվել է օրենքում լրացուցիչ 15.1 հոդվածը, որի համաձայն.
«1. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմինը խաղաղ ժամանակ ձևավորում է տարածքային պաշտպանության համակարգ` ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և հակառակորդի անմիջական շփման գոտուց դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության նպատակով:
2. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը`
1) մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը.
2) ապահովում են տարածքային պաշտպանությունը, այդ թվում` իրենց լիազորությունների շրջանակներում մասնակցում են սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների և այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.
3) իրականացնում են սույն օրենքով, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարածքային պաշտպանությանը կարող են ներգրավվել`
1) ոստիկանության, արդարադատության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները.
2) կամավորական փրկարարական և տեղական պաշտպանության տարածքային կամավորական խմբերը:
4. Տարածքային պաշտպանության կազմակերպման և իրականացման, տարածքային պաշտպանությանն այլ պետական մարմինների ուժերի ու միջոցների ներգրավման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով»:
Ամբողջական փոփոխությունների փաթեթին կարող եք ծանոթանալ վերջին խմբագրության «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում։