Օրենսդրության բացերի և խնդիրների լրացման ու զարգացման գործում, ներկայումս նկատվում են դատական պրակտիկայի ներուժի կիրառման դրական միտումներ: Նման համոզմունք ունի «Իրավական տեղեկատու-ձեռնարկ»-ի հեղինակ Դավիթ Բայրամյանը:
Իր գրքի նախաբանում նա գրել է. «Դրանք մասնավորապես նոր զարկ ստացան, երբ 2002թ. ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան»: Արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ընդունեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը` ստանձնելով Կոնվենցիայով ամրագրված պարտավորություններ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Վերջինիս դրույթները էլ դարձան ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: Իսկ 2005թ սահմանադրաիրավական բարեփոխումների արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանը ստանձնեց օրենքի միատեսակ կիրառման առաքելության իրավունքը, որտեղ սպառվում են դատական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները:
ՀՀ դատարանների դատական ակտերում սկսեցին հղումներ կատարվել ՀՀ Վճռաբեկ, ՀՀ Սահմանադրական, իսկ այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումներին, ինչն անվիճելիորեն վկայում է այն մասին, որ մեր հանրապետությունում ձևավորվում է իրավական նոր մշակույթ»:
Ըստ հեղինակի` Հայաստանի Հանրապետության ներկայիս դատական պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է, որ ոչ միայն ՀՀ դատարանների դատական ակտերում, այլև դատարան ներկայացվող հայցադիմումներում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում միջազգային պայմանագրերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային դատական ակտերի, ՀՀ Սահմանադրական և ՀՀ Վճռաբեկ դատարանների դատական ակտերի վկայակոչման ծավալները շարունակաբար ընդլայնվում են:
Նա նկատում է, որ միջազգային պայմանագրերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական և ՀՀ Վճռաբեկ դատարանների դատական ակտերի վերաբերյալ առկա հրատարակությունները, չնայած նրան, որ բավականին արժեքավոր են, այնուհանդերձ տպագրված են ոչ բավարար քանակով, լիարժեքորեն դասակարգված չեն և հետևաբար` չեն արտացոլում կիրառական ողջ ասպեկտը:
«Արդյունքում իրավակիրառողները բավականին ժամանակ են ծախսում անհրաժեշտ դատական ակտը փնտրելիս և աշխատաժամանակի հիմնական ու կարևորագույն մասն ըստ էության օգտագործվում է տեխնիկական աշխատանքի վրա: Բացի այդ, օգտակար աշխատաժամանակը անարդյունավետ ծախսվում է նաև ընթերցելու և հասկանալու համար, թե արդյոք տվյալ դատական ակտը վերաբերում է իրենց անհրաժեշտ գործին թե ոչ: Որպես հետևանք նվազում է օգտակար գործողության գործակիցը, քանզի որակյալ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտական և վերլուծական հարուստ միտք ներդնելու հնարավորությունը խիստ փոքրանում է: Արդյունքում նվազում է արդարադատության ողջ համակարգի գործունեության արդյունավետությունը:
Հիշյալ դժվարությունների հաղթահարման և իրավական գործունեության արդյունավետության կազմակերպման նկատառումներից ելնելով, արդեն իսկ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջացավ մշակել «Իրավական տեղեկատու-ձեռնարկը», որի առաջին լրամշակված տարբերակն (առաջին գիրքը լույս է տեսել 2015թ. հոկտեմբերին) իրենից ներկայացնում է միջազգային իրավական և նախադեպային դատական ակտերի յուրահատուկ մի շտեմարան, որում ըստ ոլորտների, բաժինների և համապատասխան հոդվածների այբբենական կարգով դասակարգված են` ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական Միության, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, ԵՏՄ-ի և այլ հեղինակավոր միջազգային կառույցների ու կազմակերպությունների 1.576 միջազգային պայմանագրեր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ավելի քան 2.762 վճիռ և որոշում, ՀՀ Սահմանադրական դատարանի 240 որոշում` ՀՀ օրենսգրքերի, օրենքների և այլ իրավական ակտերի 360 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների ավելի քան 2.428 գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) որոշում` ՀՀ բոլոր օրենսգրքերի ավելի քան 1200 հոդվածների, ՀՀ Դատարանների Նախագահների Խորհրդի 68 պարզաբանող որոշումներ` ՀՀ օրենսգրքերի, օրենքների և այլ իրավական ակտերի 80 հոդվածների վերաբերյալ:
Սույն ձեռնարկը Հայաստանի Հանրապետությունում միակն է, որը չունի նախադեպ, և որի առկայությունը, որպես հզոր գործիքակազմ ունեցող դասակարգված միասնական շտեմարան, կբարելավի իրավաբանների իրավաստեղծ մտքի և իրավակիրառ գործունեության առաջընթացը, կնպաստի դատաիրավական փաստաթղթերում առավել հարուստ իրավական մտքի ներդրմանն ու զարգացմանը, կօգնի դատավորներին, դատավորների օգնականներին, դատախազներին, փաստաբաններին, քննիչներին, նոտարներին և իրավագիտության բնագավառում աշխատող մյուս իրավաբաններին ապահովել գործունեության արդյունավետության և թափանցիկության առավել բարձր մակարդակ, համապատասխան ակտերի որոնման օպերատիվություն և աշխատաժամանակի խնայողություն»,- կարդում ենք ձեռնարկի նախաբանում:
Իրավաբան.net