Աշխատանքային գրքույկը աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթն է:
Գործատուն պարտավոր է հիմնական աշխատավայրում աշխատող բոլոր աշխատողների համար վարել աշխատանքային գրքույկ:
Աշխատանքային գրքույկում լրացվում են`
1) աշխատողի անունը, ազգանունը (նրա ցանկությամբ` հայրանունը).
2) աշխատողի ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.
3) աշխատանքային պայմանագրի համաձայն` աշխատելու ժամանակահատվածը.
4) գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը (լրացնում է լիազոր մարմինը).
5) պետական այն ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը, որը, նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, հաշվարկվում է աշխատանքային ստաժում (լրացնում է լիազոր մարմինը).
6) միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն անցել է աշխատանքի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո).
7) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն անցել է աշխատանքի զորացրվելուց հետո).
8) գրառման հիմքը` իրավական ակտի համարը, ընդունման օրը, ամիսը, տարին:
Հատուկ ամրագրվում է նաև այն աշխատանքների կատարման ժամանակահատվածը, որոնք, օրենսդրությանը համապատասխան, հնարավորություն են ընձեռում աշխատողին արտոնյալ պայմաններով անցնելու կենսաթոշակի:
Աշխատողի պահանջով աշխատանքային գրքույկում լրացվում են`
1) աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը.
2) զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները.
3) համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին:
Աշխատանքային գրքույկում, սվերը սահմանված տեղեկություններից բացի, այլ տեղեկություններ չեն գրառվում:
Աշխատանքային գրքույկի ձևը, վարելու կարգը, ինչպես նաև աշխատանքային գրքույկի կրկնօրինակ տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: