Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը` հայցային վաղեմության վերաբերյալ

ՀՀ Վճռաբեկ դատարանը 2015 թվականի հուլիսի 17-ին դռնբաց դատական նիստում, քննելով «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Արսեն Թավադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.02.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի ընդդեմ Ընկերության` պայմանագրով նախատեսված տույժի գումարի բռնագանձման պահանջի մասին գործը, անդրադարձ է կատարել հայցային վաղեմության ժամկետներին:

Դատարանն իր մեկնաբանությունների մեջ նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով: Ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

Օրենսդիրը, խախտված իրավունքների պաշտպանության համար հայցային վաղեմության ժամկետներ նախատեսելով, միաժամանակ սահմանել է այդ ժամկետների ընդհատման ու կասեցման կարգը և հիմքերը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ և 340-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է սահմանված կարգով (օրենքով սահմանված կարգով) հայցը հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն` երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվել է դատարանի կողմից: Ի տարբերություն հայցային վաղեմության ժամկետի ընդհատման վերը նշված հիմքի՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե առհասարակ ներկայացվել է վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում: Այսինքն` տվյալ իրավիճակում օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի կասեցումը պայմանավորել է վճարման կարգադրություն դատարան ներկայացնելու փաստով: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ օրենսդրի կողմից նմանօրինակ տարբերակված մոտեցումն արդարացիորեն պայմանավորված է հայցային վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման և ընդհատման գործընթացներին և դրանց իրավական հետևանքներին բնորոշ մի շարք առանձնահատկություններով: Այսպես, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման էությունը կայանում է նրանում, որ վաղեմության ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակահատվածը, երբ անձը զրկված է եղել իր խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան հայց հարուցելու հնարավորությունից` օրենքում նշված պատճառների (հիմքերի) առկայության հետևանքով: Ընդ որում, կասեցման հիմք հանդիսացած հանգամանքի վերանալու դեպքում` դրանից անմիջապես հետո, վաղեմության ժամկետը շարունակում է հոսել: Ինչ վերաբերում է հայցային վաղեմության ընթացքի ընդհատմանը, ապա վերջինիս յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել վերստին:

Վերոգրյալից զատ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով նախատեսված կարգավորմանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարել փաստել, որ վերջինիս բովանդակության վերլուծությունից միանշանակորեն ակնհայտ է դառնում, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե համապատասխան պահանջի վերաբերյալ ներկայացվել է վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում: Ըստ այդմ, կասեցման ժամանակահատվածն իր մեջ ընդգրկում է վճարման կարգադրությունը դատարան հանձնելու պահից (կասեցման ժամանակահատվածի մեկնարկի պահ) մինչև դրա կապակցությամբ առարկություն ներկայացնելու պահն ընկած ժամանակահատվածը (կասեցման ժամանակահատվածի հնարավոր առավելագույն վերջնաժամկետ): Այսինքն` հայցային վաղեմության ժամկետի կասեցման համար արդեն իսկ բավարար հիմք կարող է հանդիսանալ միայն վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի ներկայացումը դատարան:

Այսպիսով, վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրի կողմից արված`«դատարան հանձնելու պահից մինչև առարկություն ներկայացնելու պահը» ձևակերպումը վերաբերում է հայցային վաղեմության ժամկետի կասեցման ժամանակահատվածին` դրա հոսքը սկսված և ավարտված համարելու պահերին, այլ ոչ թե պայմանավորում է բուն կասեցման հիմքի առկայությունը: Ի տարբերություն հայցային վաղեմության ժամկետի ընդհատման դեպքի, երբ պարտադիր կերպով անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հայցի հարուցում, հայցային վաղեմության ժամկետի կասեցման պարագայում այն օրենքի ուժով ինքնաբերաբար կասեցվում է վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը դատարան ներկայացնելու պահից և ավարտվում է դրա առնչությամբ առարկության ներկայացման պահով: Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ դիմումի քննությունն այլ ընթացք է ստանում և առարկության ներկայացման պահն օբյեկտիվորեն վրա չի հասնում, ապա հայցային վաղեմության ժամկետի կասեցումն ուժի մեջ է լինում մինչև դատարանի կողմից որոշակի գործողությունների ձեռնարկումը, մասնավորապես` վճարման կարգադրության արձակումը, վճարման կարգադրություն արձակելու դիմումի` ամբողջությամբ կամ մասնակի մերժումը:

Նախադեպային որոշմանը կարող եք ծանոթանալ` այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել