Գերմանիան առաջին երկրներից մեկն էր, որ կանանց պարգևեց ընտրելու իրավունք. Մաթիաս Քիսլեր

Մարտի 9-ին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունն ազդարարեց «Art+X» շարքի թվով 4-րդ ցուցահանդեսի բացումը:

Նշենք, որ «Art+X» ձևաչափը դեսպանության մտահղացումն է, որը նպատակ ունի դեսպանության սրահներում ներկայացնել հայ արվեստագետների աշխատանքները: Յուրաքանչյուր ցուցադրության ընթացքում անդրադարձ է կատարվում հայ-գերմանական համագործակցության որևէ ոլորտի:

Այս միջոցառման առանցքում կանանց իրավունքներն էին: Միջոցառումը նպատակ ուներ շփման և կապերի հաստատման հնարավորություն ստեղծել մարդու իրավունքների, ինչպես նաև կանանց և տղամարդկանց իրավահավասարության ոլորտների ակտիվ դերակատարների համար:

Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Շնորհավորելով բոլոր կանանց Կանանց միջազգային օրվա առթիվ՝ Քիսլերը հայտնեց, որ Գերմանիայի կառավարությունը կանանց իրավունքների համար տարվող քաղաքականությունը ոչ միայն կարևորում է իր երկրի ներսում, այլ արտաքին և զարգացման քաղաքականության շրջանակներում իր նպաստն է բերում կանանց իրավունքների ամրապնդմանը նաև այլ երկրներում:

Դեսպանը նշեց, որ դեռևս 1919 թ. Գերմանիան առաջին երկրներից մեկն էր, որ կանանց պարգևեց ընտրելու իրավունք: Այսօր, սակայն, կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիր առկա է նաև Գերմանիայում, մասնավորապես սեռերի հավասար վարձատրության հարցում: Հայաստանում, իհարկե, կանանց և տղամարդկանց անիրավահավասարությունը շատ ավելի ցայտուն է. այստեղ լուրջ խնդիր է ոչ միայն սեռերի անհավասար վարձատրությունը, այլև կանանց հանդեպ բռնությունը և շատ այլ խնդիրները: Այսպիսով, դեսպանը պատրաստակամություն հայտնեց՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության հաստատման հարցում: Այս առումով հարկ է նշել, որ բոլորովին վերջերս Իրավաբանների հայկական ասոցիացիան (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսավորմամբ իրականացրել է «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրը, որի արդյունքում պատրաստվել է «ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի մոնիթորինգ» համապարփակ այլընտրանքային զեկույցը:

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին երևանցի նկարչուհի Դիանա Հակոբյանի աշխատանքները: Նկարչուհին շնորհակալություն հայտնեց Գերմանիայի դեսպանությանը՝ իրեն հրավիրելու և նման հնարավորություն ընձեռելու համար: Դիանա Հակոբյանի աշխատանքները նախկինում ցուցադրվել են Ավստրիայում, Սերբիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում և այլ երկրներում: Նշենք, որ շուտով նա ցուցադրություն կունենա նաև Գերմանիայում:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում տղամարդկանց և կանանց իրավահավասարության հարցերով խորհրդի գլխավոր քարտուղար Աստղիկ Միրզախանյանը: Վերջինս հայտնեց, որ խորհուրդը բաց է համագործակցության համար, ինչպես նաև կարևորեց այն հանգամանքը, որ ներկայիս խորհրդի կազմում, ի տարբերություն նախորդի, ներառված են նաև տղամարդիկ: Նա խոսեց նաև Հայաստանի Հանրապետությունում  կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի մասին, որի շրջանակներում ծավալվում են ակտիվ քննարկումներ կանանց իրավունքների շուրջ: Նշենք, որ 2016 թ. փետրվարի 10-ին կայացած խմբի նիստի ընթացքում հնչեցին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի՝ վերոհիշյալ այլընտրանքային զեկույցում տեղ գտած առաջարկությունները՝ ուղղված օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններում կանանց մասնակցության բարձրացմանը:

Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ դեսպանատներից, կառավարությունից, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններից: Մասնակիցների թվում էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Iravaban.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել