Այսօր ՀՀ քննչական կոմիտեում հանդիսավոր կերպով 15 քննիչի թեկնածուներ ստացան վկայականներ՝ Արդարադատության ակադեմիայում 6-ամյսա մասնագիտական պատրաստում անցնելու համար:
Նրանք Արդարադատության ակադեմիայի առաջին քննիչի թեկնածու շրջանավարտներն են: Քննիչների թեկնածուների պատրաստման ուսուցման գործընթացը մեկնարկել էր 2015 թվականի հունիսի 22-ին: Ուսումնառության տևողությունը սահմանված է վեց ամիս է՝ ներառյալ երեք ամիս տևողությամբ փորձաշրջանը: Ուսուցման գործընթացը նպատակաուղղված է եղել ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների և հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը:
Ողջույնի իր խոսքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կարևորեց Քննչական կոմիտեի և Արդարադատության ակադեմիայի միջև սկսված համագործակցությունը, որը թույլ է տալիս առավել որակյալ և պատրաստված կադրերով համալրել քննչական ապարատը: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նույնպես կարևորեց այս համագործակցությունը. «Մենք բոլորս շահագրգռված ենք, որ Քննչական կոմիտեում որակյալ մասնագետներ լինեն»:
Քննչական կոմիտեի նախագահը համագործակցության համար մեդալ շնորհեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին:
Աղվան Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ եղել են դեպքեր, երբ աշխատանքի ընդունվելուց 2-3 ամիս հետո է մարդը հասկացել, որ քննիչ չի կարող աշխատել և բարեխղճորեն դիմում է գրել ու ազատվել: Իսկ այժմ Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում ստանալուց հետո քննիչի թեկնածուն համոզված է լինում, որ ցանկանում է քննիչ աշխատել:
Ռուբեն Մելիքյանի խոսքով, բացի մասնագիտական պատրաստումները, քննիչների վերապատրաստման դասընթացներ նույնպես կազմակերպվում են Արդարադատության ակադեմիայում, և շուրջ 300 քննիչ է մասնակցել այդ դասընթացներին:
Արդարադատության ակադեմիայի քննիչի թեկնածու առաջին շրջանավարտներից 5-ին անակնակալ էր սպասվում. Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից նրանք ՔԿ տարբեր ստորաբաժանումներում նշանակվեցին քննիչ և ստացան արդարադատության լեյտենանտի աստիճան: