Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում 21.12.2015 թվականին կատարված փոփոխության արդյունքում լրացվել է 150.3 հոդվածը, որն ուժի մեջ կմտնի 23.01.2016 թվականից։
Փոփոխության արդյունքում նախատեսվում է հետևյալը.
«1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկելն առանց այդ ճանապարհների տնօրինողի թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
2. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով` 44 տոննա ընդհանուր զանգվածը գերազանցող ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ հարյուր կիլոգրամ և ավել յուրաքանչյուր հինգ հարյուր կիլոգրամի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»։