Երեկ Իրավաբան.net կայքում հրապարակել էինք ՀՀ կառավարության 460–Ն որոշմամբ սահմանված այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող եք ստանալ ԽՍՀՄ խնայբանկում ունեցած ավանդի դիմաց փոխհատուցում։ Եթե դեռ չեք ծանոթացել այդ հիմքերին, ապա կարող եք դրանց ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Այժմ, ներկայացնում ենք այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել ԽՍՀՄ խնայբանկում ունեցած ավանդի գումարի դիմաց փոխհատուցում ստանալու համար։
Փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և հետևյալ փաստաթղթերը`
1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.
2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ).
3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաև դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (պարունակում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը) և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.
4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.
5) ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաև`
ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները,
բ. ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները,
գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը և դրա լուսապատճենը.
6) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների դեպքում ներկայացված փաստաթղթերը տեսաներածվում են և լուսապատճեններ չեն պահանջվում: