Եթե ցանկանում եք ավելացնել ալիմենտի չափը, ապա ինչպե՞ս

ՀՀ վճռաբեկ դատարանը ԵԱՔԴ/0823/02/10 քաղաքացիական գործով արտահայտել է հետևյալ նախադեպային դիրքորոշումը այդ կապակցությամբ, որը նպատակ ունի ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և’ դրամական կայուն գումարով, և’ բաժիններով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով …:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանն ալիմենտի չափը նվազեցնելու կամ ավելացնելու դեպքում պարտավոր է հաշվի առնել ոչ միայն կողմերի ընտանեկան, այլ նաև նրանց գույքային դրության` վաստակի և (կամ) այլ եկամտի փոփոխությունը, որի ապացուցման պարտականությունը, ինչպես նաև չապացուցման դեպքում դրա բացասական հետևանքները պետք է կրի այդ փաստը վկայակոչած կողմը: Այսինքն` նշված հանգամանքներն ինքնուրույն ապացուցման ենթակա են, և միայն կողմի ընտանեկան դրության փոփոխությունը դեռևս բավարար չէ նրա գույքային դրության` վաստակի և (կամ) այլ եկամտի փոփոխության վերաբերյալ որևէ փաստ հաստատված համարելու և եզրահանգում կատարելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել