ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42–րդ հոդվածի համաձայն` երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք։ Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա։
Նույն հոդվածի համաձայն` ծնողների առանձին (ընդ որում՝ տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի։
ՀՀ Վճռաբեկ դատարանը ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով նշել է, որ (…) երեխաների ծնողներից մեկի հետ ապրելու հարցը դատարանը որոշում է` առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով: Մասնավորապես, տարբեր երկրներում բնակվող ծնողների երեխայի ապրելու վայրը որոշելիս դատարանը պետք է հաշվի առնի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` ծնողների կողմից նախապես որոշված երեխայի բնակության վայրը, երեխայի տարիքը, կրթության վայրը, համապատասխան երկրի և այդտեղ բնակվող ծնողի հետ երեխայի կապվածությունը հիմնավորող այլ հանգամանքներ, ինչպես նաև երեխայի ապրելու վայրի պարբերաբար փոփոխության հնարավոր բացասական հետևանքները երեխայի հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման և դաստիարակության վրա:
(…) անկախ այն հանգամանքից, թե երեխան ծնողներից ում հետ է ապրելու և հետագայում նրա բնակության վայրը որտեղ կորոշվի, երկու ծնողներն էլ ունեն հավասար հնարավորություն մասնակցելու երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը: