Պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:
Այսինքն, հայցադիմումում պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.
2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (այսուհետ` անուն), իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.
3) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.
4) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.
5) հայցապահանջները հաստատող ապացույցները.
6) բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը.
7) հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.
8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
Հայցադիմումում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները:
Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը: