Երևանի քաղաքապետարանը շարունակել է «չմաքրման» աշխատանքները

Կեղտոտ մայթեր, մերկասառույց հենց կենտրոնական փողոցում. սա Երևանի պատկերն էր վերջին օրերին: Մինչ մենք հանրությանն էինք ներկայացնում քաղաքային իշխանությունների կատարած գնումները, գրում` անհասկանալի գործուղումների, 9000 ԱՄՆ դոլար արժողությամբ հուշանվերի և այլնի մասին, մայրաքաղաքում շարունակվում էր քաղաքապետարանի «չմաքրման» աշխատանքները, համենայն դեպս` նման կերպ էին նրանց գործողությունները բնորոշում շարքային քաղաքացիները` կատակելով, որ այսօր էլ քաղաքապետարանն իրականացրել է «չմաքրման» աշխատանքները:

Երևանի կենտրոնի Բաղրամյան պողոտայի մայթերն այսօր բավականին վատ վիճակում էին: Թեև քաղաքապետարանը ժամանակին գնել է մայթերը մաքրելու համար նախատեսված տեխնիկա, այդուհանդերձ Երևանի կենտրոնում ոչինչ չի արվել ո՛չ քաղաքապետարնի, ո՛չ էլ «Սանիթեք» ընկերության կողմից։

Սա դեռ ամենը չէ, մայրաքաղաքի հենց կենտրոնական փողոցներում երեկ և այսօր եղել են մերկասառույցներ, չմաքրման աշխատանքների արդյունքում տեղ-տեղ դրանք վերածվել են արհեսատական փոսերի:

Ներկայացվող լուսանկարները արվել են երեկ և այսօր: Հարկ ենք համարում շեշտել, որ եթե նշյալ փողոցների (Արամի, Բուզանդի, Դավիթ Բեկ, Արցախի, Խանջյան, Բաղրամյան և այլն) պատկերն այսօր այլ է, այսինքն` դրանք ավելի մաքուր են, ապա սա ոչ թե քաղաքապետարանի, այլ եղանակի փոփոխության շնորհիվ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել