Ե՞րբ կարող եք ստանալ խնամքի նպաստ

Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում) դիմումը, ծնողի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նաև մյուս անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի մասին տվյալների:

Խնամքի նպաստը նշանակվում է՝

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից վեց ամիս հետո:

Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է (վերոհիշյալ կետերում նշված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է) այն ամսվա 1-ից, երբ շահառուն խնամքի արձակուրդի մեջ է եղել բոլոր գործատուների մոտ:

Երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողին հաջորդ երեխայի համար խնամքի նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով նշանակվում է (վերոհիշյալ կետերում նշված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է) այդ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելը կամ  սահմանված՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը:

Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում նշանակել խնամքի նպաստ կամ մերժել խնամքի նպաստի նշանակումը: Խնամքի նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է ծնողին` նշելով մերժման պատճառը:

Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` ծնողի ընտրությամբ անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

Խնամքի նպաստը անկանխիկ եղանակով վճարելը խնամքի նպաստի գումարը ծնողի բանկային հաշվին փոխանցելն է:

Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով խնամքի նպաստ չի վճարվում:

Խնամքի նպաստը նաև վճարվում է ծնողի տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին:

Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող վեցերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում:

Խնամքի նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել