Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝
ա) ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար.
բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ.
գ) անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների, անբավարար պայմանների մասին:
Վերը նշված դեպքերից բացի, ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտային միջոցները կանգնեցնել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս:
Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին պահանջը պետք է տրվի դեպի տրանսպորտային միջոցն ուղղված ցուցաձողի, կարմիր ազդանշանով սկավառակի կամ բարձրախոս սարքի միջոցով:
Երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար կարող է ազդանշան տրվել նաև սուլիչով: Ճանապարհային երթևեկությունը կարգավորելիս ոստիկանության ծառայողը, իրավիճակից ելնելով, կարգավորիչ ազդանշաններին զուգահեռ, կարող է ազատ ձեռքով տալ վարորդների և հետիոտների համար ընկալելի այլ ազդանշաններ: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթարային իրադրություն:
Տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը և օրենքով սահմանված կարգով արձանագրելով խախտումը` թույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, բացառությամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ» և «ժզ» կետերով նախատեսված դեպքերի: Ճանապարհի վիճակի կամ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհներին առաջացած վտանգների և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում կարգավորող ոստիկանության ծառայողը կարող է ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը:
Երթևեկության uահմանված արագության գերազանցման և տրանuպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումների համար պատաuխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաuտարկված է համապատաuխան տեխնիկական միջոցների կիրառմամբ: