ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4–ի թիվ 264–Ն որոշմամբ հաստատվել է.
ա) սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները ներկայացնելու, քննարկելու և դրանց պատասխանելու կարգն ու ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի.
բ) սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:
N 2 հավելվածով սահմանված կարգի համաձայն քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է: Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն կամ հյուպատոսական հիմնարկ, որը սահմանված կարգով գրանցում է դիմումը և ուղարկում համապատասխան զինվորական կոմիսարիատ:
Քաղաքացու դիմումը քննարկելու և դրան պատասխանելու ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը:
Քաղաքացու դիմումի վերաբերյալ բացասական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են դիմումի մերժման հիմքերը:
Քաղաքացու դիմումի վերաբերյալ դրական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են օրենքով սահմանված վճարը մուծելու համար բանկային հաշվի համարը և վճարը մուծելու վերջնական ժամկետը: Պատասխան գրությունում նշված ժամկետում վճարը չմուծելու դեպքում վճարը չի ընդունվում: Քաղաքացին սահմանված ժամկետում վճարի մուծումը հավաստող անդորրագիրը ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողով:
N 3 հավելվածի համաձայն սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու համար միջգերատեսչական հանձնաժողովը համապատասխան տարածքի դատախազին է ուղարկում հանրապետական հանձնաժողովի հաստատած որոշումը և օրենքով սահմանված վճարի մուծված լինելը հավաստող անդորրագիրը: