«Չստեղծենք այդ իրավական քաոսը». Նիկոլայ Բաղդասարյանի գործը

Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելու հոդվածով (քրեական օրենսգրքի 144-րդ հոդված) մեղադրանք է առաջադրվել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին:

Նիկոլայ Բաղդասարյանը բողոք է ներկայացրել՝ վիճարկելով դատախազի՝ քրգործի հարուցումը կարճելը բողոքարկելու որոշումը:

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ նիստին Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել էր 6 գործընկերների հետ:

Դատարանում նա ասաց. «Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածն ասում է՝ որպեսզի դիմես դատարան՝ գործողության դեմ, դու պետք է սկզբից դիմես դատախազին, այնուհետև նոր դատարան, եթե բաց ես թողնում այդ փուլը, ապա դատարանը կարող է բողոքը մերժել: Դատախազությունը մեզ պատասխանում է, դուք պարտավոր եք պահպանել ընթացակարգը, բայց ես ձեր բողոքը չեմ քննելու, այսինքն՝ ինչ է ստացվում՝ մի կողմից դատախազությունն ասում է, որ 290 հոդվածի կարգով պետք է բողոք գրես, բայց մյուս կողմից գրավոր փաստաթղթերում պատասխանում է, որ իրավունք ունի մեր բողոքը չքննելու»,- փաստաբանը դատարանի ներկայացրեց իր խոսքերն ապացուցող փաստաթուղթ:

Միաժամանակ նա նշեց, որ դատախազությունը մերժել է իր կարգավիճակում գտնվող անձանց բողոքը. «Մի կողմից դատախազության նույն անձը նշում է, որ Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը չեն կարող քննության առնել, իսկ մնացածի բողոքը քննության են առնում ու որոշում են ընդունում»,- ասաց փաստաբանը:

Դատարանում Նիկոլայ Բաղդասարյանի իրավունքների պաշտպաններից մեկը՝ փաստաբան Սամվել Ջաղինյանը նշեց, որ նմանաբնույթ մեկ այլ բողոք կա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում. «Ենթադրենք մի իրավիճակ, եթե այս բողոքը սկզբնական բավարարում եք, իսկ Կենտրոնի դատարանը՝ ոչ, իրավական կազուսի առաջ կկանգնենք, երկու դատական որոշումներ կլինեն: Զերծ մնալու ամեն ինչից ես կարծում եմ, որ Կենտրոն դատարանում իրավունք չունեն այն քննելու, քանի որ որոշումները մեկը մյուսի հետ կապ ունի: Չստեղծենք այդ իրավական քաոսը»,- նշեց նա:

Դատախազն անդրադառնալով փաստաբանի խոսքին նշեց, որ նման իրավաբանական կազուս չի կարող տեղի ունենալ. «Մի բողոքը ուրիշ հարցին է վերաբերել՝ կոնկրետ իմ կայացրած որոշման, իսկ մյուս բողոքը՝ Երևան քաղաքի դատախազի կողմից կայացված որոշման, ուստի դրանք տարբեր որոշումներ են և չեմ կարծում, որ որևէ կազուս կառաջանա»,- ասաց մեղադրողը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել