Վերջերս փաստաբանական համայնքում ստեղծված իրավիճակի շուրջ Իրավաբան.net-ը զրուցել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
– Պարոն Զոհրաբյան, հոկտեմբերի 9-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ խիստ նկատողություն է հայտարարվել փաստաբաններ Երվանդ Վարոսյանին ու Տիգրան Խուրշուդյանին: Այս հանգամանքը բավականին լայն արձագանք գտավ լրատվության դաշտում, մասնավորապես Երվանդ Վարոսյանն այն որակեց՝ որպես ճնշում իր նկատմամբ: Արդյոք խորհուրդը որևէ բնույթի հայեցողությո՞ւն է դրսևորել որոշումն ընդունելիս:
– Երվանդ Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցելուց հետո կարգապահական գործը գտնվում է փաստաբանների պալատի խորհրդի տիրույթում: Խորհրդի նիստերին ես չեմ մասնակցել և իրավասու չեմ մասնակցել՝ օրենքի ուժով։ Պետք է նշեմ, որ վարույթ հարուցելը ինքնին չի նշանակում, որ տվյալ փաստաբանը կատարել է փաստաբանի վարքագծի կանոնագրքի կամ որևէ այլ իրավական նորմի խախտում: Դրա համար կա նախատեսված ընթացակարգ: Երվանդ Վարոսյանի նկատմամբ վարույթը ինքնին չի տարբերվում մյուս վարույթներից, այն առումով, որ տեղի է ունեցել առերևույթ խախտում, հարուցվել է կարգապահական վարույթ, խորհուրդը քննել և կայացրել է որոշում: Այս գործը տարբերվում է նրանով, որ վերաբերվում էր երկու խորհրդի անդամների վարքագծին: Այս գործը և նմանատիպ գործերը չեն կարող ճնշում լինել փաստաբանի նկատմամբ։ Անկախ խորհրդի որոշման հետագա ճակատագրից, մի բան պարզ է, խորհրդի բոլոր անդամները, այդ թվում՝ ես, առավել զգոն կլինենք խորհրդի նիստերին և կհետևենք մեր վարքագծին։
– Փաստաբան Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը հայտարարում են, որ պալատում այլևս սահմանափակվել է տարակարծությունը և Դուք անձամբ դեմ եք, որ որևէ մեկը Ձեր կարծիքին չհամապատասխանող դիրքորոշում հայտնի: Ինչո՞ւ են նման հայտարարություններ հնչում:
– Առանց տարակարծության, որևէ բանի հնարավոր չէ հասնել։ Խորհրդի մյուս անդամներն էլ ունեն իրենց սեփական տեսակետները, որոնք դրսևորվում են թե՛ քվեարկությունների, թե՛ դիրքորոշումների միջոցով։ Որևէ մեկը սահմանափակված չի եղել իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքից։ Թե ինչու են նման հայտարարություններ հնչում, այս հարցի հասցեատերը ես չեմ։
– Խնդրում եմ՝ ընդհանրական գնահատական տալ ստեղծված իրավիճակին: Ըստ էության՝ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի դիրքորոշումը պաշտպանում են նաև բազմաթիվ փաստաբաններ: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու մասին Փաստաբանների պալատի խորհրդի մի քանի որոշումներ, որոնց կայացմանը մասնակցել են նաև Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը բողոքարկվել են դատարաններում, և եղել են դեպքեր, երբ դատարաններում փաստաբաններին պաշտպանել են այլ փաստաբաններ։ Դա նորմալ երևույթ է։ Եթե Երվանդ Վարոսյանը չի ընդունում պալատի խորհրդի որոշումը, ապա լիարժեք իրավունք ունի բողոքարկել և այդ հարցում իրեն պաշտպանող փաստաբանների պատրաստակամությունը դրական եմ գնահատում։
Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի
Իրավաբան.net