Հայաստանի փրկությունը, մեր երկրի բարեփոխումներն ու լավ տեսլականը պետք է լինի կանանց ձեռքերում: «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ներկայացմանը հայտարարեց «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը:
Այսօր մեր երկրում կանայք ունենա հավասար իրավունքներ, ինչ տղամարդիկ, սակայն պակաս հնարավորություններ: Կարեն Զադոյանը հիշեց Մահաթմա Գանդիի խոսքերը. «Հնդկաստանի հոգևոր հայրը՝ Մահաթմա Գանդին ասում էր, թե Հնդկաստանի փրկությունը կանանց ձեռքերում է, որը պետք է իրականացվի կանանց այնպիսի հատկանիշների շնորհիվ, ինչպիսիք են անձնազոհությունը և լուսավորությունը: Այսօր ես ցանկանում եմ այն բերել Հայաստան, մեր երկրի լավ տեսլականը պետք է լինի կանանց ձեռքերում, որովհետև նրանք նվիրված են, անձնազոհ են ու լուսավորում են ամեն ինչ՝ իրենց կողքին: Պետք է ավելի հնարավորություններ տրվի կանանց՝ պետական և հասարակական բնագավառներում»,- նշեց պարոն Զադոյանը:
Այսօրվա միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա կարծում է, որ ոչ միայն կինը պետք է պայքարի սեփական իրավունքների համար, այլ հասարակությունը պետք է քայլեր ձեռնարկի կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ. «Կանայք հասարակության մեջ փոքրամասնություն չեն, նրանք մեծամասնություն են, և եթե նրանք ունենան բավարար լծակներ, ապա կարող են այդ լծակներն ի գործ դնել հասարակության բարելավման համար, և հասարակությունը մեծապես կշահի կանանց այդ իրավունքների իրագործումից»,- ասաց դեսպանը:
«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ:
Երեք ուղղություն՝ մի քանի տասնյակից ավելի գործողություններ: Ծրագրի շրջանակներում իրականացվել է իրավական մոնիթորինգ, բարձրացվել է կանանց իրավունքների հարցերով իրազեկվածության պաշտպանության մակարդակը, ծավալվել է բանավեճ տեղական քաղաքականությունում գենդերային հավասարակշռության թեմայով՝ իրականացնելով տարածաշրջանային սեմինարներ տեղական խորհուրդների մասնակցությամբ: Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղի են ունեցել սեմինարներ և վերապատրաստումներ, տարածվել են իրազեկող թռուցիկներ:
Այսօր Երևանում ներկայացվեց ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» (CEDAW) Հայաստանում կիրառման, այդ թվում, ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թվականին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցի նախագիծը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու, փաստաբան Մարիամ Զադոյանն զեկույցով հանդես եկավ՝ անդրադառնալով երեք հիմնախնդիրների՝ կանանց մասնակցության ցածր աստիճանին ներազգային և միջազգային ասպարեզներում, ինչպես նաև աշխատանքային զբաղվածության ոլորտում կանանց նկատմամբ խտրականություններին:
Առաջին երկու հոդվածներով՝ ձեռքբերումներ չկան. «Մենք ներկայումս ունենք բավականին ցածր մակարդակ, ներկայիս իրավական կարգավորումները պետական համակարգում կանանց մասնակցության միայն 20 տոկոսն են ապահովում, որը շատ ցածր ցուցանիշ է, մենք բերել ենք մի շար երկրների միջազգային փորձը, որը ցույց է տալիս, որ եթե քվոտաները բարձրացել են, ապա կանանց մասնակցությունն ավելացել է, ուստ մենք առաջարկում ենք 30-40 տոկոս քվոտաներ նախատեսել բոլոր մարմիններում»,- ասաց բանախոսը: Նա նաև ասաց, որ ներկայումս Հայաստանում գործազուրկների մեծ մասը կազմում են կանայք:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Սյուզաննա Սողոմոնյանը անդրադարձավ ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի 11-րդ, 12-րդ և 16-րդ հոդվածների պահանջներին:
Նա նշեց, որ կանանց մասնակցության աստիճանը բիզնես ընկերությունների խորհուրդներում ցածր է: Կարգորագույն հիմնախնդիրներից է նաև այն, որ աշխատավարձերը, չնայած օրենքով նախատեսված պահանջին, հավասար չեն կանանց և տղամարդկանց համար:
12-րդ հոդվածի պարտականությունների մասով նույնպես չկատարված կետեր կան, մասնավորապես փաստաբանը ասաց, որ Վերարտադրողական իրավունքների և վերարտադրողական առողջության, այդ թվում նաև հղիության ընդհատման վնասակար հետևանքների մասին կանանց իրազեկվածության ցածր մակարդակ, ինչպես նաև աղջիկ երեխաներ ունենալու դեպքում օրենսդրորեն ամրագրված խրախուսման մեխանիզմներն են բացակայում, Հայաստանը գտնվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների բարձր ցուցանիշ ունեցող վատագույն երկների շարքում:
Ինչ վերաբերում է 16-րդ հոդվածին, ապա փորձագետը փոխանցեց, որ կանանց իրավունքները մշտապես խախտվում են ամուսնության և ամուսնալուծության դեպքում:
Այս բոլոր հիմնախնդիրները լուծելու համար աշխատանքային խմբի կողմից լուծումներ են առաջարկվել:
Հավելենք նաև, որ ծրագրի ղեկավարն է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: Զեկույցի վրա աշխատել են Քարլ Ուլբրիխտը՝ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ, Դավիթ Աբգարյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Սյուզաննա Սողոմոնյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Մարիամ Զադոյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու և Տաթևիկ Մանուկյանը՝ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու:
Գևորգ Թոսունյան