Վաղը՝ 08.10.2015թ.-ին ՀՀ կառավարության օրակարգի երրորդ հարցը վերաբերվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի քննարկումը:
Օրենքի նախագծով առաջարկվում է ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներին տրամադրել պետական միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը հոգալու իրավունք, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է:
Նախագծում ասվում է. «Հարկ ենք համարում նշել, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 18-ի ՀՕ-72-Ն օրենքով, ելնելով մարտական պայմաններում զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների հետ կապված խնդիրների թիրախայնությունն ապահովելու անհրաժեշտությունից, օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն է ընձեռնվել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին: Օրենքում կատարված փոփոխությունը նոր է ուժի մեջ մտել և դեռևս գործողության մեջ հնարավոր չէ գնահատել դրա արդյունքները: Ուստի, հաշվի առնելով այս, ինչպես նաև պետական միջոցների հնարավորությունները, առաջարկում ենք առայժմ այդ շրջանակը ընդարձակել միայն ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներով»: