«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում 2016թ. հունվարի 1–ից ուժի մեջ կմտի 189.17 հոդվածը, որը կնախատեսի վարչական պատասխանատվություն անձնական տվյալների պաշտպանության օրենքը խախտելու համար։
Այսպես`
«1. Անձնական տվյալների հավաքման կամ ձայնագրման կամ մուտքագրման կամ համակարգման կամ կազմակերպման կամ ուղղման կամ պահպանման կամ օգտագործման կամ վերափոխման կամ վերականգնման կամ փոխանցման օրենքով սահմանված կարգը խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
2. Անձնական տվյալները ոչնչացնելու կամ ուղեփակելու օրենքով սահմանված կարգը խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
3. Անձնական տվյալներ հավաքելու ընթացքում անձնական տվյալների սուբյեկտի պահանջով մշակողի կողմից օրենքով նախատեսված տեղեկատվություն չտրամադրելը կամ տրամադրման կարգը խախտելը կամ չտրամադրելու պատճառներն ու հետևանքները չպարզաբանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
4. Անձնական տվյալներ մշակողի կողմից անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին չծանուցելը կամ ծանուցման կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
5. Անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնագրման միջոցներ չօգտագործելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
6. Տեղեկատվական համակարգերում անձնական տվյալները մշակելու անվտանգությունն ապահովելուն ներկայացվող պահանջները, կենսաչափական անձնական տվյալների նյութական կրիչներին և տեղեկատվական համակարգերից դուրս այդ անձնական տվյալները պահպանելու տեխնոլոգիաներին ներկայացվող պահանջները խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
7. Անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում կամ դրա ավարտից հետո անձնական տվյալներ մշակողների կամ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ անձանց կողմից անձնական տվյալների գաղտնիությունը չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
8. Սույն հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, եթե լիազոր մարմնի որոշմամբ սահմանված ժամկետում կամ մինչև վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելը նա վերացրել է իր թույլ տված խախտումը և լիազոր մարմին է ներկայացրել ապացույցներ այդ մասին:»: