Համաձայն հարկերի մասին ՀՀ օրենքի 30.3-րդ հոդված` գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելը հարկային մարմնի կողմից կիրառվում է հարկ վճարողի շարժական գույքի նկատմամբ հարկային պարտավորությունների չափով: Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի ղեկավարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի շարժական գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին հանձնարարագիր հրապարակելու:
Հարկային մարմնի կողմից գույքի սահմանափակումը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Սահմանափակումը կիրառվում է միայն այն շարժական գույքի նկատմամբ, որն անհրաժեշտ է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու համար` հարկային պարտավորությունների չափով:
Գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել գումարը գանձելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետում: Սահմանափակում կիրառելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի հարկ վճարողից գումարը գանձելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու հետ միաժամանակ: Գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու մասին որոշման վարչական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը: