«Կարծրատիպերը կոտրելու ժամանակն է». մեկնարկեցին կանանց իրավունքների վերաբերյալ հանրային քննարկումները

Գեղարքունիքի մարզում կանանց իրավունքների պաշտպանության վատթար վիճակը սրված է հատկապես գյուղական համայնքներում: Այստեղ բնակչության կարծրատիպային մտածողությունը ստիպում է երիտասարդ աղջիկներին և կանանց՝ չունենալ աշխատանք, կախման մեջ ընկնել տղամարդկանցից և վարել տնային տնտեսուհու առօրյա: Ի թիվս այլ խնդիրների՝ կանանց նվազ իրավագիտակցության վրա ազդում են նաև ազգաբնակչության սոցիալական ծանր պայմանները:

Հենց Գեղարքունիքի մարզից սկսվեց «ՄԱԿ-ի` Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի մոնիթորինգ» այլընտրանքային զեկույցի նախագծի հանրային քննարկումը:

Այն անցավ բավականին բուռն մթնոլորտում, քննարկման մասնակիցները ՀԿ-ների անդամներ էին, ՏԻՄ ներկայացուցիչներ, ուսուցիչներ և իրավաբաններ:

«Կարծրատիպերը կոտրելու ժամանակն է»,- նախագիծը ներկայացնելիս նշեց ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը, նա վստահեցրեց, որ այդ աշխատանքը պետք է տղամարդիկ իրականացնեն:

«Կարևորը արդյունքներն են ու առաջնային խնդիր է, որ որևէ փոփոխություն իրականացնենք այս նախագծի միջոցով»,- նշեց պարոն Զադոյանը՝ առաջարկելով քննարկման մասնակիցներին ներկայացնել սեփական դիտարկումները. «Մենք փորձելու ենք հանրության աչքով վեր հանել խնդիրները: Մենք ցանկանում ենք, որ առաջարկությունները լինեն ռեալ, բխեն կարիքից ու թեթևացնեն կանանց իրավունքների ներկա իրավիճակը»,- եզրահանգեց ծրագրի ղեկավարը:

165 էջանոց այս զեկույցը կազմված է երկու մասից, առաջինում ուսումնասիրություններն են, երկրորդում՝ առաջարկությունները: Ի դեպ, առաջարկությունների մասը դեռ կլրացվի, քանի որ այսօրվանից մեկնարկած հանրային քննարկումների շրջանակներում նախատեսվում է՝ Երևանից և չորս մարզերից ստանալ տարաբնույթ վերլուծություններ:

Զեկույցի մեթոդաբանությունը ներկայացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու Մարիամ Զադոյանը:

«Մենք մի շարք հարցումներ ենք անցկացրել տարբեր պետական և ոչ պետական մարմիններ, որպեսզի լրացուցիչ պաշտոնական տեղեկություններ վերցնենք, որին ներառել է նաև վերջին վիճակագրական տվյալները»,- ասաց փաստաբանը:

Ի՞նչ հիմնախնդիրներ են առկա ոլորտում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը առանձնացրեց երեքը, որ տեղ են գտել զեկույցում. «Վերարտադրողական իրավունքների և վերարտադրողական առողջության, այդ թվում նաև հղիության ընդհատման վնասակար հետևանքների մասին կանանց իրազեկվածության ցածր մակարդակը, աղջիկ երեխաներ ունենալու դեպքում օրենսդրորեն ամրագրված խրախուսման մեխանիզմների բացակայությունը, բացի այդ՝ Հայաստանը գտնվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների բարձր ցուցանիշ ունեցող վատագույն երկրների շարքում»:

Այնպես որ խորհուրդ է տրվում դիտարկել այն հնարավորությունը, որ Կոմիտեի առաջարկությունները և հանձնարարականները առաջացնեն իրավաբանական հետևանք և կրեն պարտադիր բնույթ մասնակից պետությունների համար:

Սա դեռ ամենը չէ, առկա են մի քանի տասնյակ առաջարկություններ՝ ըստ հոդվածների:

Միջոցառման ավարտին ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը հավաստագրեր հանձնեց Գեղարքունիքի մարզում ծրագրի  ուսուցումների առաջին փուլը ավարտած և կանանց իրավունքների մասին հանրային իրազեկման սեմինարներ անցկացրած անձանց:

Նշենք, որ զեկույցի նախագիծը պատրաստվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի ղեկավարն է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան  Կարեն Զադոյանը: Զեկույցի վրա աշխատել են Քարլ Ուլբրիխտը՝ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ, Դավիթ Աբգարյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Սուզաննա Սողոմոնյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Մարիամ Զադոյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու և Տաթևիկ Մանուկյանը՝ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել