Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Լյուքս Ստեփանյանի գործով պաշտպանական կողմի միջնորդության քննությունն անցավ լարված մթնոլորտում

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատաքննությունը: Նախորդ դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել էր հրապարակել ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի և վկաներ Արշակ Պետրոսյանի, Միշա Ջանազյանի և Հրաչյա Մարգարյանի միջև առերեսման արձանագրությունները:

Առերեսումների հետ կապված հայտարարությամբ հանդես եկավ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ առերեսվող վկաները՝ մասնավորապես Հրաչյա Մարգարյանը և Արշակ Պետրոսյանը, առերեսման ժամանակ չեն հերքել Դավիթ Խաչատրյանի կողմից Լյուքս Ստեփանյանի հայհոյանքներին հայհոյանքով պատասխանելու փաստը, այլ միայն ասել են, որ չեն լսել: Դեպքից անմիջապես հետո  Արշակ Պետրոսյանը և Հրաչյա Մարգարյանը դեպքի մանրամասները պատմել են զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանին, ասելով որ Դավիթ Խաչատրյանը նույնպես հայհոյանք է տվել: Զորամասի հրամանատարը դատարանում ցուցմունք է տվել որպես վկա:

Պաշտպանը դատարանին հիշեցրեց, որ վկաներ Արշակ Պետրոսյանը և Հրաչյա Մարգարյանը դատարանում ասել են, որ այն, ինչ պատմել են հրամանատարին, լիովին համապատասխանում է իրականությանը: Պաշտպանը նաև ասաց, որ մեղադրող կողմը Դավիթ Խաչատրյանի ցուցմունքը գնահատելիս այն ոչ արժանահավատ է որակել, և այդ փաստը դրել է մեղադրանքի հիմքում: Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդել էր կրկին դատարան հրավիրել վկաներ Պետրոսյանին, Ջանազյանին և Մարգարյանին, սակայն դատարանը պաշտպանների այս միջնորդությունը մերժել էր: Եզրափակելով իր խոսքը պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալի և վկաների ցուցմունքներում հակասություն ըստ էության չկա, քանի որ վկաները ոչ թե կտրականապես հերքել են, այլ հայտնել են, որ չեն հիշում:

Դատարանը հրապարակեց նաև ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի հայտարարությունը, որով նա հայտնում է, որ չի ցանկանում ծանոթանալ քրեական գործի նյութերին, քանի որ գտնում է, որ իր կատարած արարքը քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որակելու փաստը հաստատում է, որ իր նկատմամբ կատարվել է ոչ օբյեկտիվ  և մեղադրական թեքումով նախաքննություն:

Դատարանը հրապարակեց Դավիթ Խաչատրյանի ևս մեկ հայտարարություն, որում ասվում է. «104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Մեղադրանքի կապակցությամբ չեմ ցանկանում ցուցմունք տալ, քանի որ ես արդեն հայտնել եմ և այժմ էլ հայտնում եմ, որ այս քրեական գործի նախաքննությունը կատարվել է իմ նկատմամբ առավելագույնս ծանր հանցագործությունների կատարման մեջ ինձ մեղադրելու առանձնահատուկ ուղղվածությամբ, մեղադրական թեքումով»:

Պաշտպանական կողմը հանդես եկավ ևս մեկ միջնորդությամբ: Պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց դատարան հրավիրել քրեական գործով դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած երեք փորձագետներին: Մեղադրող և տուժող կողմերը առարկեցին միջնորդության դեմ:

Միջնորդության շուրջ վիճաբանություն սկսվեց: Երբ դրա վերաբերյալ իր տեսակետն էր հայտում պաշտպան Վաղարշակ Գևորգյանը, դահլիճից միջամտեց Լյուքս Ստեփանյանի հորեղբայրը՝ Աշոտ Ստեփանյանը, ում դատավոր Զոյա Զաքինյանը դահլիճից դուրս հրավիրեց:

Դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը: Փորձագետները կհրավիրվեն դատարան: Պաշտպանական կողմի միջնոդությունը տուժող կողմի զայրույթը հարուցեց: Դատական նիստի վերջին րոպեները անցան լարված մթնոլորտում: Դատավոր Զոյա Զաքինյանը երկար ժամանակ չէր կարողանում նշանակել հաջորդ դատական նիստի օրը: Առաջարկվող օրերը կամ կողմերից մեկին հարմար չէր, կամ ոչ աշխատանքային էր: Տուժողի իրավահաջորդ Լուիզա Ստեփանյանը, ով վերջին մի քանի դատական նիստերին համեմատաբար հանգիստ էր, պոռթկաց. «Մայիսի 15-ին նշանակեք, այդ օրը նշանակեք, ու կտեսնեք ինչ է կատարվելու» (Մայիսի 15-ը Լյուքսի մահվան օրն է-Վ.Թ.):

Դատավարությունը կշարունակվի ապրիլի 25-ին:

Հանրային թղթակից՝ Վահագն Թամրազյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել