Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Երեմ Սարգսյանը հանդես եկավ դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործի դատաքննությունը: Այսօր կայացավ հերթական դատական նիստը: Նախորդ դատական նիստը չէր կայացել, ամբաստանյալի պաշտպանների դատարան չներկայանալու պատճառով: Այսօր թեև մի փոքր ուշացումով, պաշտպանները ներկայացան դատական նիստին: Դատարանում այսօր պետք է հարցաքննվեին երկու վկաներ, սակայն նրանք չէին ներկայացել: Դատարան չէր ներկայացել նաև տուժող Հրաչյա Սարգսյանը: Վերջինս դատարանին ֆաքսով դիմում էր ներկայացրել, որով հայտնել էր, որ նոր է վիրահատվել և գտնվում է զինվորական հոսպիտալում: Խնդրել էր հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը:

Վկաների դատարան չներկայանալու հետ կապված մեղադրող Արթուր Զաքարյանը միջնորդեց հրապարակել նրանց նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, ինչպես նաև տուժողի ցուցմունքը և անցնել մյուս ապացույցների հետազոտմանը, փաստաթղթերի հետազոտմանը, այնուհետև ամբաստանյալի հարցաքննությանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը միացավ մեղադրողի միջնորդությանը: «Այս վկաների ցուցմունքները էական նշանակություն չունեն գործի համար, նրանք պատշաճ կարգով ծանուցված են եղել, չեն ներկայացել դատակա նիստին և ճիշտ կլինի հրապարակել նրանց ցուցմունքները և անցնել ապացույցների հետազոտմանը».- ասաց Արմեն Սարգսյանը: Մեղադրողի միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելուց առաջ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Նա մասնավորապես նշեց. «Հարգելի դատարան, գաղտնիք չէ, որ սույն քրեական գործը հասարակական մեծ հնչեղություն է ստացել և հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել դեպքի հենց առաջին իսկ օրերից: Լյուքս Ստեփանյանի մահը արդարացիորեն առաջացրել է նրա հարազատների դժգոհությունը և վերջիններս իրենց բողոքը փորձեցին արտահայտել ծայրահեղ միջոցով, փորձեցին Լյուքս Ստեփանյանի դին տեղափոխել Երևան և ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնել, պահանջելով, որ իրավասու պաշտոնատար անձիք հաստատեն, որ Լյուքս Ստեփանյանը դիտավորյալ կերպով է սպանվել, այլ ոչ թե պատահական կրակոցի արդյունքում: Լյուքս Ստեփանյանի հարազատների գործողությունները կանխվեցին համապատասխան պաշտոնատար անձանց կողմից: Մասնավորապես, դեպքից ընդամնեը երեք օր անց՝ 18.05.2013թ. ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լյուքս Ստեփանյանի հարազատների հետ Սևան-Երևան ավտոճանապարհին հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախնական տեղեկությունների համաձայն Դավիթ Խաչատրյանը միտումնավոր կերպով է կրակել ու սպանել Լյուքս Ստեփանյանին»: Պաշտապանը գտնում է, որ քրեական գործի ողջ նախաքննությունը իրականացվել է հենց այս խոսքերը հաստատելու հատուկ նպատակով ու ջանասիրությամբ: Պաշտապանը իր միջնորդությունում անդրադարձավ նաև Լյուքս Ստեփանյանի հարազատների կողմից դատական նիստերը խանգարելու, դատարանի կողմից դատական նիստերը խանգարողների նկատմամբ սանկցիաներ չկիրառելու և դատավոր Զոյա Զաքինյանի՝ դատարանի նախագահի աշխատասենյակում Լյուքս Ստեփանյանի հարազատների հետ հանդիպելու փաստերին (միջնորդությունը ամբողջությամբ շուտով՝ տեսանյութում): Մեղադրող Արթուր Զաքարյանը առարկեց միջնորդության դեմ, համարելով այն անհիմն և խնդրեց դատարանին մերժել այն: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, միջնորդությունը քննարկելու համար: Մեկ ժամ անց վերսկսելով դատական նիստը, դատավոր Զոյա Զաքինյանը մերժեց միջնորդությունը: Պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ նոր միջնորդությամբ, այս անգամ դատական նիստերը դռնփակ անցկացնելու մասին: Դատարանը այս միջնորդությունը նույնպես մերժեց: Դատավոր Զոյա Զաքինյանը նշեց, որ դատարանը դռնփակ դատական նիստ անցկացնելու հարցին կանդրադառնա ամբաստանյալի հարցաքնությունից առաջ: Այնուհետև դատարանում հրապարկվեցին դատարան չներկայացած երկու վկաների՝ Գևորգ Նահապետյանի և Արտյոմ Հարությունյանի նախաքննական ցուցմունքները: Դատարանը մերժեց նաև մեղադրող Արթուր Զաքարյանի միջնորդությունը, առանց տուժող Հրաչյա Սարգսյանին հարցաքննելու, անցնել մյուս ապացույցների հետազոտմանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 20-ին, ժամը 12:30-ին:

Հանրային թղթակից` Վահագն Թամրազյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել